Այսօր «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ու հիմունքների» թեմայով քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում: Օրենսդրական բարեփոխումների առնչությամբ գրանցվել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, բայց ընտրվել են ամենաառաջնային խնդիրները, հարցեր ու բարեփոխման ծրագիր առաջարկողները:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ նախարարությունը բաց է նոր առաջարկությունների ընդունման առումով, ապա ավելացրեց, որ այս ընթացքում եղած առաջարկությունները քննարկվել են, և մեծ մասն ընդունվել է:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և գիտական, գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքները վերանայելու, և բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնամյակի պատմություն: Գործող օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունը սահմանափակվում էր համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությամբ»,- նշում է նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ 2015 թվականից ուժի մեջ մտած օրենքն ունի բազմաթիվ բացթողումներ, այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է բարեփոխումների նպատակով լսումներ կազմակերպել. «Նոր օրենքի անհրաժեշտությունը միտված է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ինքնակառավարման, ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը»:
Այս օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները՝ եվրոպական բարձրագույն կրթության և եվրոպական հետազոտական տարածքներում ինտեգրման համար:
Առկա բացերը լրացնելու և կրթության որակի բարձրացման համար օրենքում տեղի կունենա ամբողջական փոփոխություն: Կլինեն կրթաթոշակների տրամադրում, ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում նորարարական ծրագրերի համար: Հասարակության համար թափանցիկ կլինեն բարձրագույն կրթության և գիտության, գիտական հաստատությունների գործունեությունները: Ապա հիմքեր կդրվեն գիտահետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխգործակցության և աստիճանական ինտեգրման համար: Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Հայկ Մագոյան