Բարաք և Միշել Օբամաները հույս ունեն, որ իրենց դուստրերը կկարողանան ապրել նվազագույն աշխատավարձի հաշվարկով և կիմանան, թե ինչպիսի դժվար աշխատանքներ կան աշխարհում։ Այս մասին ԱՄՆ նախագահն ու նրա կինն ասել են Parade ամսագրին տված հարցազրույցում։
Երբ ամուսիններին հարցրել են, թե արդյոք նրանք կցանկանային, որպեսզի նրանց դուստրերը՝ Մալիան և Սաշան զբաղվեն այնպիսի աշխատանքով, որը բերում է նվազագույն աշխատավարձ, սակայն բնավորություն է ձևավորում, առաջին տիկինն ասել է․ «Այո, կարծում եմ, որ բոլոր երեխաներին անհրաժեշտ է զգալ, թե ինչ է իրականում դժվար աշխատանքը»։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հասկանան, որ աշխատանքի գնալն ու աշխատավարձ ստանալը միշտ չէ, որ ուրախ զբաղմունք է, որ դա միշտ չէ, որ ներշնչում է, և միշտ չէ, որ արդար է։ Սակայն հենց այդպիսի երևույթների է բախվում մարդկանց մեծամասնությունն ամեն օր», — ասել է ամերիկացի նախագահը։ «Այդպիսին է կյանքը», — եզրակացրել է նա։
ԱՄՆ նախագահը պատմել է, որ երիտասարդ տարիքում ծերանոցում աշխատել է որպես մատուցող, իսկ առաջին տիկինն աշխատել է տպարանում։