Հատված՝ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջի գրառումից.
«Այդպես էլ չհասկացանք՝ Երևանի Կենտրոնական փակ շուկան, որի շուրջն այդքան կրքեր էին բորբոքվել, այսօր վերջապես բացվե՞ց, թե՞ չբացվեց: Որովհետև դարպասները բաց են, բայց շուկայի մեծ մասը գրավող խանութը փակ է: Երևի կարելի կլիներ ասել՝ Փակ շուկան կիսաբացվեց: Բայց դա էլ սխալ կլինի, որովհետև եթե ինչ-որ բան Մաշտոցի պողոտայի սկզբնամասում այսօր բացվել է՝ դա հենց շուկան է: Սուպերմարկետը առայժմ չի աշխատում:
Բայց ամեն ինչից երևում է, որ այս կամարների ներքո այսուհետ թագավորելու է հենց սուպերմարկետը, շուկան մի տեսակ դուրս է մղվել, ծվարել է պատերի տակ: Ու ընդհանրապես այնքան էլ նման չէ շուկային, ավելի շուտ մթերային խանութի պտուղ բանջարեղենի բաժինն է հիշեցնում շուկայական այդ մասը:
Էդպես շուկայի հետ միասին Երեանում մեծանում էինք և 60-ականներին ես գնացի դպրոց, իսկ Փակ շուկան ստացավ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ: Եվ հիմա մեր հարազատ շուկայի շուրջը ծավալված հիմնական կռիվը հենց դա է՝ արդյոք կարելի՞ է ձեվափոխել ճարտարապետական հուշարձանը: Շատ խորհրդանշական է, որ այսօր բացվեց ոչ միայն շուկան, այլև շուկայի հետ կապված դատավարությունը՝ Զարուհի Փոստանջյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմիններին, որոնք անգործություն են ցուցաբերել և թույլ են տվել, որ շուկայի հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին:
Ու ամենաահավորը ոչ թե այն է, որ հանրությունը համակերպվում է՝ պետական մարմիններն են համակերպվում: Պետական մարմինները, որոնց անմիջական պարտականությունն է թույլ չտալ անել այն, ինչ չի կարելի: Պետական մարմինները, որոնք ստիպելու անհրաժեշտ բոլոր գործիքներն ունեն:
Բոլոր դեպքերում, զբոսաշրջիկներ այստեղ առաջվա պես հաստատ կգան: Հիմա արդեն ոչ միայն սուջուխ ու բաստուրմա գնելու, այլև տեսնելու մի բան, որը, կարծում եմ, ոչ մի այլ երկրում չես տեսնի՝ սուպերմարկետ շուկայում կամ գուցե շուկա՝ սուպերմարկետում: Բա որ ասում եմ ՝ մերն ուրիշ է…»։ |