Factor.am-ը գրում է.
Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց նախկին իշխանությունների ներկայացուցիչները սկսել են նկատելիորեն ակտիվանալ և հետզհետե ավելի կոշտ քննադատություն հնչեցնել գործող իշխանության հասցեին։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին մեկը մյուսին երկրորդելով հայտարարություններ արեցին ինչպես Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, այնպես էլ Հանրապետական կուսակցության ակտիվ ներկայացուցիչները։
Երկու տարի առաջ մերժվածների մեջ հատկապես աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի փեսան։ Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը, որը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, սկսել է ամենշաբաթյա պարբերականությամբ հրապարակել տեսանյութերի շարք։ Հետզհետե կատարելագործվող արտիստիզմով Մինասյանը քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը՝ բոլոր ոլորտներում: Նա նաև վարչապետի ընտանիքին մեղադրում է կոռուպցիայի մեջ։
Միքայել Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի իշխանավարության տարիները լավ հիշող քաղաքացիներից շատերի մոտ հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ նախկին իշխանության ներկայացուցիչները մինչ օրս իրենց կատարած ենթադրյալ հանցագործությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել և այժմ քրեակատարողական հիմնարկներում լինելու փոխարեն հայտարարում են, թե իրենք երկիրն ավելի լավ էին կառավարում:
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչների այս ակտիվացման մեղավորը վարչապետ Փաշինյանն է։ Նոր իշխանությունը դանդաղել է նախկինների կատարած արարքներին իրավական գնահատական տալուն ուղղված կոնկրետ գործողությունների հարցում։ Նորիկյանը նշում է․ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի բարեփոխումների տապալումը հանգեցրեց նրան, որ մշտապես կեղծիքներով իշխանություն զբաղեցրածներն այսօր քննադատում են օրինական իշխանություններին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում