Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Յունիբանկի և Մանվել Տեր-Առաքելյանի վեճին: Ով չգիտի թե ով է Մանվել Տեր-Առաքելյանը, շատ կարճ ասեմ, որ Մանվել Տեր-Առաքելյանը «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատերն է, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում: Այո, այո, դա այն ռեստորանն է, որի պատին 2008 թվականին ահռելի մեծությամբ Սերժ Սարգսյանի նկարն էր կախված: Հիմա պարզվել է, որ այդ նկարը ոչ մի մոգական ուժ չուներ և բանկից վերցված գումարը, այնուամենայնիվ, պետք է վերադարձվի: Ճիշտ է, կարծում եմ` այն թեթևակի մոգականություն միգուցե պարունակում էր, երբ կարապի լճին հարող կանաչ տարածքը վերածում էին հերթական սրճարանի Մանվել Տեր-Առաքելյանի համար, բայց միանշանակ մոգականությունը դադարեց, երբ եկավ ժամանակը գումարը վերադարձնելու: Եվ հիմա մեր հերոսը ուզում է խաբված վարկառուների ՀԿ ստեղծի: Այսօր Հայաստանում քիչ թե շատ կայացած համակարգ եթե կա, դա բանկային համակարգն է, որի տոկոսները բարձր են, վճարում անելը շատ ծանր է յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց հարյուր հազարավոր մարդիկ դրա շնորհիվ կարողանում են սառնարան, մեքենա կամ անրաժեշտ գումար ձեռքբերել և հավատացեք` նրանցից շատերի համար վերցրած 200.000 դրամը Մանվել Տեր-Առաքելյանի վերցրած մի քանի միլիոն դոլարի արժեքը ունեն: Բանկը, որն, ըստ էության, հիմնական թիրախն է հանդիսանում, վարվում է այնպես, ինչպես ամրագրված է օրենքում և ինչպես կվարվեր յուրաքանչյուրի հետ: Տրամադրել է գումար, որն իր հիմնական եկամուտ ստանալու ձևերից է, և հիմա ուզում է հետ ստանալ, դրա համար դիմել է դատարան, հաղթել 3 ատյաններում, պատրաստ է տուգանքի մի մեծ մասը զիջել, որպեսզի վերադարձնի իր ունեցվածքը: Եվ ասեք խնդրում եմ` ինչու՞ մեկը պետք է լիարժեք կատարի իր ստանձնած պարտավորությունները վերցված վարկերի դիմաց, մյուսը` ոչ: Իսկ եթե իրոք այս ամենի հետևում քաղաքական պատվեր կա, ինչի վերաբերյալ ես անկեղծ մեծ կասկածներ ունեմ, ապա կարծում եմ` ոչ բանկը, ոչ հասարակությունը, ոչ մնացած վարկառուներն այս ներքին «ռազբոռկայի» հետ ոչ մի կապ չունեն : Թող պ-ն Տեր-Առաքելյանն իր հարցերը լուծի մոգական նկարի միջի մարդու հետ, ինչպես դա անում էր նախկինում:
Հարություն Ավետիսյան