Araratnews.am-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Բացառիկ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է տարին գյուղատնտեսության համար: Ինչպիսի՞ն են բերքի ծավալները:
-Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին բավականին բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Նշված տարածքներից ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:
Փոքր չափով տուժեցին ծաղկման փուլում գտնվող կորիզավոր պտղատեսակների որոշ սորտեր, նկատվել են նաև խաղողի՝ Շահումյանի, Իծապտուկ սորտերի կենտրոնական աչքերի թույլ վնասվածքներ, որոնք բերքատվության վրա էական ազդեցություն չեն ունենա: Եթե այլ անակնկալներ չգրանցվեն, ապա, տարվա արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ, կգրանցվի զգալի տնտեսական աճ: Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:
-Նշեցիք, որ տեղումների պատճառով տուժել է ծիրանի բերքը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու հաջորդ տարիներին՝ նման իրավիճակից խուսափելու համար:
-Բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով հանրապետության գյուղատնտեսությունը ամեն տարի լուրջ վնասներ է կրում: Եթե վերջին տարիներին հակակարկտային ցանցի ընդլայնման շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել կարկտահարության վտանգը, ապա նույնը չի կարելի ասել ուշ գարնանային ցրտահարությունների մասին, որի դեմ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հարապետությունում դեռևս չկան գործուն միջոցներ: Նախարարությունը ձեռնարկել է կոնկրետ քայլեր՝ ծիրանենու ուշ ծաղկող սորտերի հայտնաբերման և արտադրության մեջ ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով Երկրագործության գիտական կենտրոնում (ք. Էջմիածին) 5 հա տարածքի վրա հիմնադրվել է ծիրանենու տեղական 82 և արտերկրից ներմուծված 12 սորտերի կոլեկցիոն այգի:
Ի դեպ պետք է նշել, որ արտասահմանյան 12 սորտերից 2 սորտի երիտասարդ (մեկ տարեկան) ծառերից այս տարի որոշ չափով բերք է սպասվում, իսկ տեղական սորտերի վրա ընդհանրապես պտուղ չի ձևավորվել:
-Լարսի անցակետը շաբաթներ շարունակ փակ է եղել. ի՞նչ հետևանքներ դա ունեցավ գյուղմթերքների արտահանման վրա: Այլընտրանքային ի՞նչ ուղիներ օգտագործվեցին այդ ընթացքում:
-Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում, որպես այլընտրանքային ուղի, օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը: Նշված ճանապարհով հանրապետությունից այսօրվա դրությամբ արտահանվել է 329.49 տոննա կեռաս և շուրջ 300 տոննա տարբեր տեսակի բանջարեղեն:
-Շուկայում դեռևս բարձր է մնում մրգերի ու բանջարեղենի արժեքը: Ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել այդ իրավիճակը: Որքան ժամանակ կլինեն բարձր գներ:
-Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 20-25 օրերի ընթացքում կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի՝ մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 90-100 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ, վարունգինը՝ 60-150 դրամ և այլն:
-Գյուղացիները դժգոհում են բանկերի տրամադրած վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքից: Այս մասով նախարարությունը ինչ-որ քայլեր նախաձեռնո՞ւմ է:
-Բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները իրոք բարձր են, և այդ խնդիրը մեզ լրջորեն մտահոգում է: Այդ կապակցությամբ ընթացիկ տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 872 մլն դրամ՝ գուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու նպատակով: Պետության կողմից սուբսիդավորվումը կատարվում է 4%-ի չափով, իսկ հանրապետության սոցիալապես առավել անապահով 225 համայնքների գյուղացիական տնտեսություններին՝ 6 %-ով, կամ վարկերը տրամադրվում են համապատասխանաբար՝ 10 և 8 տոկոսով: Նշված վարկերի նկատմամբ պահանջարկը մեծ է, և նախարարության առաջիկա տարիների զարգացման ծրագրերում նախատեսվում է զգալիորեն ավելացնել սուբսիդավորվող վարկերի ծավալը:
-Դուք, լինելով նաև քաղաքական գործիչ, խնդրում եմ, գնահատեք նոր կառավարության աշխատանքը և կարծիք հայտնեք խորհրդարանական քառյակի ընդունած 12 կետերի մասին:
-ՀՀ նոր կառավարությունը՝ նորանշանակ վարչապետի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել ավելի կոնկրետ, իրատեսական ծրագրերի մշակմանը՝ շեշտը դնելով առավել գործնական քայլերի իրականացմանը, հրատապ լուծում պահանջող խնդիրների օպերատիվ արձագանքմանը, հեռանկարային զարգացման ծրագրերի հստակեցմանը:
Նոր կառավարության աշխատանքը դրական եմ գնահատում: Այն լավատեսական լուրջ տրամադրություններ է ստեղծում, և ես վստահ եմ, որ տնտեսության մեջ շեշտակի փոփոխություններն ու առաջընթացը երկար սպասեցնել չեն տա:
Խորհրդարանական քառյակի կողմից ներկայացված 12 կետերից 2-ն առնչվում է մեր ոլորտին, և պետք է նշեմ, որ դրանք մեզ համար հիմնականում ընդունելի են (խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը տրվող սուբսիդիաների ծավալների ավելացմանը), սակայն մանրակրկիտ ուսումնասիության, իրականացման մեխանիզմների ճշգրտման, առկա հնարավորությունների գնահատման կարիք կա: