«Բանակցություններ` մերժված փաստաթղթի շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը աչքի ընկավ բավականին հետաքրքիր նրբերանգներով: Նախ հայտնի դարձավ, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կկայա: Եվ որ պակաս կարևոր չէ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նշեց, որ բանակցությունները պետք է ընթանան «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի հիման վրա:
Սա այն փաստաթուղթն է, որն ավելի վաղ` Կազանում կայացած հանդիպման ժամանակ, վերջին պահին մերժեց Ադրբեջանի նախագահը, չնայած` թվում էր, թե կողմերն այդքան մոտ են փաստաթուղթ ստորագրելուն: Ընդ որում` խնդիրը միայն 1-2 էլեմենտի հետ չէր կապված, Ադրբեջանը հանդես եկավ միանգամից 10 նոր առաջարկներով, որոնք ըստ էության, հակասում էին վերոնշյալ փաստաթղթի տրամաբանությանը:
Հայտարարությունն այն մասին, թե բանակցություններն ընթանալու են «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի շուրջ, նախ և առաջ նշանակում է, որ 2011 թվականին Կազանում կայացած հանդիպումից հետո, կողմերին նոր առաջարկներ չեն ներկայացվել և միջնորդները կողմերի հետ աշխատում են մինչև այս` բանակցությունների սեղանին եղած առաջարկների հիման վրա:
Դժվար է ասել, թե ինչ հունով կընթանա այս փաստաթղթի շուրջ բանակցությունները, սակայն, եթե Կազանյան հանդիպումից հետո, համանախագահները շարունակում են բանակցությունները հին փաստաթղթի շուրջ, նշանակում է, որ ավելի լավ առաջարկ այս պահի դրությամբ չեն կարող անել: Ամեն դեպքում` բանակցությունները դադար վերցված կետից շարժվելու միտումներ են ցուցադրում, ինչն ամեն դեպքում ավելի լավ է, քան փակուղային վիճակում մնալն ու պրոցեսում շարժի բացակայությունը»: