տուն Քաղաքական Բանակցություն՝ առանց որոշելու իրավունքի

Բանակցություն՝ առանց որոշելու իրավունքի

352
0

serj&aliev

Երկամյան ընդմիջումից հետո վաղը Վիեննայում կկայա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

Ներկայումս դժվար է ասել, թե բանակցություններ վարելու ինչպիսի բագաժով է Սերժ Սարգսյանը մեկնում Վիեննա:  Չափազանց խոր հայացք անհրաժեշտ չէ, որպեսզի պարզ դառնա, որ Սերժ Սարգսյանի ձեռքին հաղթաթղթերն այնքան էլ շատ չեն: Կանխավ նշենք, որ ցանկացած երկրի ներքին և արտաքին քաղաքականությունները սերտաճած են, և պարզապես հնարավոր չէ ունենալ շարունակական ձախողումներ երկրի ներքին կյանքում և միաժամանակ վարել հաջող արտաքին քաղաքականություն, առավել ևս, հնարավոր չէ հասնել իրական արդյունքների, երբ հարցը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Երկրում սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, իշխանությունների ձևավորման կասկածելի սկզբունքները, վիճահարույց նախագահական ընտրությունների անցկացումը և բազմապիսի այլ խնդիրներ Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի համար ստեղծել են լեգիտիմության լուրջ ճգնաժամ, որի խորացումը երբեմն հնարավոր է լինում զսպել միայն ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ:

Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը Եվրամիությունից դեպի Մաքսային միություն, բացի այլևայլ բացասական հետևանքներից, ուղղակիորեն հարվածեց Հայաստանի վարկանիշին` թողնելով անկանխատեսելի երկրի տպավորություն: Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակով, ինչպես նաև վերջերս հայաստանյան մամուլում ռուս տարբեր չինովնիկների հայտարարություններում պատեհ անպատեհ տարվում է քարոզչություն այն մասին, որ հնարավոր չէ ղարաբաղյան հիմնախնդրի լուծում առանց Ռուսաստանի: Մյուս կողմից՝ Օբաման այս հանդիպումից առաջ նամակ հղեց Ալիևին և ոչ թե, ասենք, Սերժ Սարգսյանին: Համադրելով այս երկու իրողությունները՝ ընդամենը կարող ենք նշել, որ եթե Օբաման հանդիպումը համարում է պատմական շանս, ապա ռուսական քարոզչությունը հակադարձում է, որ միմիայն Ռուսաստանը կարող է իրական դարձնել այդ պատմական շանսը:

Սրան զուգահեռ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ որոշակի ակտիվություն է ցուցաբերում նաև Թուրքիան, որը հերթական անգամ հայտարարում է սահմանների բացման մասին ԼՂՀ տնօրինության տակ գտնվող 5 շրջանների վերադարձի պարագայում: Քաղաքական այս խճանկարի հպանցիկ ուսումնասիրությունն անգամ պարզ է դարձնում, որ առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ այս հանդիպումից, առավել ևս այնպիսի իրավիճակում, երբ փորձը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը չունի ներքին այն ռեսուրսը, որը թույլ կտար նրան կայացնել որոշումներ` շրջանցելով ռուսական գործոնը: Ի դեպ, սա չի վերաբերում միայն Հայաստանին, քանի որ ադրբեջանական ուղղությամբ ևս Ռուսաստանը ունի ճնշումների բավական գործուն մեխանիզմներ:

Արդյունքում` մենք կրկին հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ հերթական անգամ հայացքներս ուղղելու ենք դեպի հզորները տեսնելու համար, թե ինչ են որոշել մեր հաշվով: Այս տեսանկյունից, սակայն, դեռևս ոչինչ չի վկայում որևէ որոշման մասին, ուստի կարող ենք պնդել, որ համենայնդեպս Ռուսաստանը ներկա պահին մեծ շահագրգռվածություն չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում: Եվրոպական շահագրգռվածությունը հաճախ չի վերաճում իրական գործընթացի և մնում է բարի ցանկության կարգավիճակում, բացի այդ, դժվար է ասել՝ արդյո՞ք Եվրոպան և ԱՄՆ-ը կցանկանան հակամարտության կարգավորում, եթե, ասենք, այն ենթադրի տարածաշրջանում ռուսական ազդեցության ավելացում կամ ռուս խաղաղապահների մուտք: Ինչևէ, արդյունքում կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը մեկնում է բանակցելու՝ գրեթե զրկված լինելով որևէ լուրջ որոշում կայացնելու իրավունքից, ինչը կարծես թե սկսում է է բնութագրական դառնալ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը:

Մյուս կողմից՝ ոչ պակաս ճնշումների ներքո է գտնվում նաև Իլհամ Ալիևը, որը վերջերս կայացած նախագահական ընտրություններից հետո բավական կոշտ գնահատականների արժանացավ Եվրոպայի կողմից:  Իր հերթին Ռուսաստանը, օգտագործելով Բրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանությունը, սանձազերծեց հակադրբեջանական հիստերիա, որն իր մեջ հստակ ուղերձներ էր պարունակում` ուղղված Ադրբեջանին: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարն իր հերթին նշում է , որ ռազմական բախման պարագայում իրենք կմիջամտեն: Այս ամենը վկայում է այն մասին, որ և Հայաստանը, և Ադրբեջանը երկուստեք գտնվում են տարածաշրջանում իրենց ազդեցության ամրապնդմանը ձգտող աշխարհաքաղաքական բոլոր խաղացող կողմերի տարատեսակն ճնշումների տակ, ինչը գրեթե բացառում է առողջ բանակցային գործընթացը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here