Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Նաիրիի բաժին՝ խարդախության վերաբերյալ ստացված ահազանգի փաստով:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող բամբուկները:
Ահազանգից կարճ ժամանակ անց Վ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ 2017 թվականի ամռանը Ս. Միքայելյանն ու Խաչիկը, հանցավոր համաձայնության գալով, խաբեությամբ գնելու պատրվակով, իրեն տարել են Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող իր ընկերոջ՝ Սամվելի տուն, որի տարածքում դրված՝ իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները վերցրել են՝ գումարը հաջորդ օրը վճարելու նպատակով:
Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ նշված անձինք մինչև օրս տարբեր պատճառաբանություններով չեն վճարել գումարը: Բացի այդ, 2018-ի ամռանը Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ» կոչվող հատվածում գտնվող սրճարանում Աշոտը սպառնացել է, որ կվնասի իրեն կամ իր երեխաներին, եթե այս մասին նա իրավապահներին տեղեկություններ փոխանցի։
Աղբյուրի տեղեկություններով` Վ. Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան, հանրությանը հայտնի է «Պոնչո» մականվամբ, իսկ նրա մատնանշած Ս. Միքայելյանը Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդման հեղինակն ու վարողն է: