տուն Հասարակություն Բալային նոր համակարգը՝ ՌԴ համարանիշներով մեքենաների եւ ՌԴ քաղաքացի վարորդների համար

Բալային նոր համակարգը՝ ՌԴ համարանիշներով մեքենաների եւ ՌԴ քաղաքացի վարորդների համար

1112
0

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է բալային նոր՝ այսպես կոչված 9 բալանոց համակարգ: Ըստ այդմ, որոշակի խախտումների դեպքում վարորդները զրկվելու են իրենց տրված 9 բալից, որը սպառելուց հետո ժամանակավոր կզրկվեն նաև վարորդական իրավունքից:

Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, եւ դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է): Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաեւ փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջն այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա առցանց գրանցման, ինչպես նաեւ ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ՝ հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, եւ մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:

Նոր նախաձեռնությունը դրական բազմաթիվ կոմպոնենտներ կրելով հանդերձ, այդուհանդերձ, որոշակի մտավախություններ է հարուցել վարորդների շրջանում:

Մեր այն դիտարկմանը, թե ի տարբերություն մարզային համայնքների, Երևանն ավելի շատ է հայտնվել նոր համակարգի «թիրախում», քանի որ միայն մայրաքաղաքում կան տեսանկարահանող սարքեր, «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանն ասաց հետևյալը.

«Ռիսկերը կայանում են միայն կանգառ և կայանում խախտումների արձանագրման դեպքերի մեջ, որոնք վերաբերում են մեքենաներով ծառայություն իրականացնողներին, այսինքն՝ տվյալ անձինք իրենց աշխատանքի բերումով ստիպված կատարում են այդ իրավախախտումը: Օրինակ, եթե մենք տաքսի ոլորտը անտեսենք՝ դրա մեջ կհայտնվեն առաքման և տուրիստական ծառայություն մատուցողները, որոնք ստիպված են այդ իրավախախտումը կատարում»:

Տիգրան Քեյան

Արդյոք բալային նոր համակարգը, ՃՏ խախտումների համար նախատեսված տույժ-տուգաքները վերաբերում են նաև Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացի վարորդներին, որոնք մեր երկիր են այցելել որպես զբոսաշրջիկ կամ միջնաժամկետ նպատակով: Այս հարցի առնչությամբ էլ Տիգրան Քեյանը պարզաբանեց.

«Օտարերկրյա քաղաքացիների պարագայում, որոնք ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում վարում են տրանսպորտային միջոց և չունեն ՀՀ վարորդական վկայական, տուգանքները կիրառվում են նույն սկզբունքով, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում է. վարորդական իրավունքի կասեցում կամ զրկում, սակայն կա մեկ տարբերություն, այն է՝ Կոնվենցիայի անդամ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման դեպքում վարորդական իրավունքը անձից վերցվում և հանձնվում է իր երկրին, և տվյալ քաղաքացին իր երկիր վերադառնալու դեպքում պետք է հանձնի քննություն, որպեսզի ստանա նոր վարորդական վկայական, ինչպես օրինակ՝ ՌԴ-ի քաղաքացիների դեպքում է»:

Նրա խոսքով, Կոնվենցիայի անդամ երկիր չհանդիսացող քաղաքացիների վարորդական վկայականները չեն վերցվում նրանցից, և իրենց երկիր վերադառնալու դեպքում նոր վարորդական վկայական ստանալու համար որևէ քննություն չեն հանձնում տվյալ անձինք: Բացի այդ, Կոնվենցիայի անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման դեպքում տրանսպորտային միջոցի վարման դեպքում ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Արդրադառնալով արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների համար գույքահարկի վճարմանը՝ Տիգրան Քեյանը նշեց, որ Հայաստանում գույքահարկ վճարվում է միայն ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցների համար՝ անկախ սեփականատիրոջ հաշվառումից:

Հարցին, թե որն է բալային համակարգի առավելությունը և որը՝ թերությունը կամ թերությունները, «Վարորդի ընկեր» հ/կ նախագահն ընդգծեց, որ առավելությունն այն է, որ այսուհետ չեն կարող ակտերը մուծելով՝ հավերժ իրավախախտումներ կատարել, ուստի պարտադրված են լինելու երթևեկել օրենքին համապատասխան:

«Այս օրենքը ավելի շատ կսթափեցնի իրավախախտ վարորդներին: Թերությունները կայանում են նրանում, որ ամբողջ ՀՀ տարածքում հավասար հսկողություն չի իրականացվում՝ պայմանավորված տեսանակարահանող սարքերի բացակայությամբ: Մենք այդ մասով առաջարկել ենք, որ միայն վտանգավոր իրավախախտումների մասով կիրառվեն տուգանային միավորներ, որոնք արձանագրվում են տեխնիկական սարքերի միջոցով: Վտանգավոր իրավախախտումներից են արագության գերազանցումը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը և հանդիպակաց գոտիով երթևեկելը, իսկ մնացած դեպքերում տուգանային միավորները թող կիրառվեն միայն ՃՈ տեսուչի արձանագրման դեպքերում: Այն ավելի շատ կբարձրացնի տեսուչի դերը երթևեկության մեջ, և ավելի անվտանգ կդարձնի մեր երթևեկությունը՝ պատշաճ հսկողություն իրականացնելով»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Քեյանը:

Արա Ալոյան