Հունվարի 1-ից մեր երկրում ուժի մեջ մտած տուգանային միավորների կամ, այսպես կոչված, բալային համակարգը վարորդների շրջանում հակասական արձագանքների պատճառ դարձավ։ Եթե այն մեզ համար դեռ շատ առումներով անհասկանալի ու անորոշ մի բան է, ապա հարեւան Վրաստանում, օրինակ, բալային համակարգը գործում է արդեն 2,5 տարուց ավելի՝ 2017թ․-ի հուլիսի 1-ից։ Այնտեղ, ի տարբերություն Հայաստանում տրվող 9 բալի, տարվա սկզբին վարորդներին տրվում է 100 բալ, որը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում, վարորդները պետք է քննություն հանձնեն, ընդ որում՝ քննություն կարելի է հանձնել տարում ընդամենը մեկ անգամ։
Սահմանված ամենաբարձր 40 բալը հանվում է անընդմեջ ոչ սթափ վիճակում վարելու, մեքենայի կառավարումը թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձին հանձնելու, արագության գերազանցմամբ վթարային իրավիճակ ստեղծելու և «Շտապ օգնության» ու «Հրշեջ-փրկարարական» ծառայության մեքենաների երթևեկությունը խոչընդոտելու համար։
35 բալ նախատեսված է այն դեպքերում, եթե վարորդները, որոնք վթարային իրավիճակ են ստեղծել կամ խոչընդոտել են երթևեկությունը, չենթարկվեն ոստիկանի կողմից տրվող «Կա՛նգ առ» ազդանշանին։
30 բալից կզրկվեն այն վարորդները, որոնք մեքենայի կառավարումը կփոխանցեն ոչ սթափ վիճակում գտնվող անձի, մեքենան կվարեն փակ համարանիշներով, չնախատեսված վայրում կանգառ կամ կայանում կիրականացնեն, ղեկը 2 և ավելի անգամ կհանձնեն անչափահաս կամ վարորդական իրավունք չունեցող մեկին։
Այն վարորդները, որոնք կխախտեն միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով սահմանված՝ բեռների տեղափոխման կամ ուղևորների փոխադրման կանոները, կկորցնեն 25 բալ։
Մեքենան անչափահաս կամ վարորդական իրավունք չունեցող անձին փոխանցելու, տեղական, միջքաղաքային կամ միջազգային բեռներ տեղափոխող մեքենայի կողմից արագության գերազանցման, լուսացույցի ներքո երթևեկության կանոնների, կայանման կանոնների խախտման դեպքերում ևս նախատեսված է 25 բալ։
40կմ/ժ-ից ավելի արագությունը գերազանցելու, երեխաների փոխադրման ընթացքում երթևեկության կանոնների խախտման, հանդիպակաց գոտով երթևեկելու, «Շտապ օգնության» ու «Հրշեջ-փրկարարական» ծառայության ձայնային ազդանշաններով երթևեկող մեքենաների երթևեկությունը խոչընդոտելու, օրենքով չգրանցված տրանսպորտային միջոցով երթևեկելու, ոստիկանի «Կա՛նգ առ» ազդանշանին չենթարկվելու, տարվա ընթացքում մեքենայում կրկնակի ձայնային ու գունային ազդանշաններ տեղադրելու, երթևեկության մյուս մասնակիցներին, տրասնպորտային այլ միջոցներին վնաս հասցրած մեքենայի շահագործման կանոնների խախտման դեպքում կկիրառվի 20 բալ։
15 բալ նախատեսված է թվով 11 իրավախախտման դեպքում, առանձնացնենք դրանցից մի քանիսը։
Օրինակ՝ տեխզննում չանցած մեքենայի շահագործումը կամ այդ մեքենան մեկ ուրիշի շահագործմանը հանձնելը, երթևեկելու ընթացքում բջջային հեռախոս օգտագործելը, մգեցված ապակիներով երթևեկելը, ճանապարհատրանսպորտային վթարում ներգրավված վարորդի անձի թաքցնելը կամ այդ վարորդի փոխադրումը և այլն։
10 բալ նախատեսված է թվով 13, իսկ 5 բալ՝ 7 իրավախախտման դեպքում։
Չնայած բալերի տարբերությանը, կան բազմաթիվ կետեր, որոնք վերաբերում են նույն իրավախախտման մի փոքր այլ դրսևորումներին։ Օրինակ, կան իրավախախտումներ, որոնց բուն կատարումը այլ բալ է նախատեսում, իսկ նույն իրավախախտման կրկնումը՝ մեկ այլ։
5 բալ հանվում է, օրինակ, ուղևորի կամ վարորդի կողմից ամրագոտու չկիրառման, մոտոցիկլ կամ մոպեդ վարելիս սաղավարտ չկրելու դեպքում․․․
Հատկանշական է այն հանգամանքը, որ վարորդները բալեր են կորցնում միայն այն դեպքում, եթե իրավախախտումները արձանագրում են ոստիկանները, ոչ թե՝ տեսա և լուսանկարահանող սարքերը։
Վրաստանի ՆԳՆ-ն վարորդներին հաղորդագրություններ է ուղարկում կատարված իրավախախտումների վերաբերյալ, բացի այդ վարորդներն իրենց բալերը կարող են ստուգել «SAGENCY» բջջային հավելվածով։
Շարունակույթյունը՝ սկզբնաղբյուր կայքում։