The Washington Post-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ ստիպում է Արևմուտքին գուշակել, թե որն է նրա ռազմավարությունը։ Ամերիկյան քաղաքական գործիչներն ընդունում են, որ հաճախ իրենք պատկերացում չունեն, թե ինչ է անելու ռուսաստանցի առաջնորդը Ուկրաինայի հարցում։ Փորձագետները նշում են, որ «մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ խաղ է նա խաղում, ավելի քիչ բան գիտենք նրա ռազմավարության մասին»։
Թերթը գրում է, որ ռուս քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ «Պուտինը չունի ռազմավարություն», նա ունի «առաքելություն՝ փրկելու Ռուսաստանն ու ռուսներին»։ Նույն պարբերականը հարց է տալիս, թե էլ ինչ պետք է անի Ռուսաստանը, որպեսզի հարուցի Արևմուտքի ավելի կոշտ արձագանքը։ The Washington Post-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին պետք է արագ իրագործեն այն պատժամիջոցները, որոնց մասին խոստացել էին, այլապես կկորցնեն վստահության վերջին փշրանքներն Ուկրաինայի հարցում։