Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան ContourGlobal Hidrocaskade ընկերությանը վաճառելու գործարքը: ContourGlobal Hidrocaskade ընկերությունը ամերիկյան ContourGlobal ՓԲԸ դուստր ձեռնարկությունն է: Ըստ այդմ՝ օտարվելու են Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մեջ մտնող երեք հիդրոէլեկտրակայանները՝ Սպանդարյան, Շամբ և Տաթև:
Այսպիսով, վերջերս շրջանառվող այն խոսակցությունները, որ Վաշինգտոնում կայացած տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպուման քննարկվել է Որոտանի հիդրոէներգետիկ համակարգում ամերիկյան Contour Global ընկերության կողմից 180 մլն դոլար ներդնելու մտադրությունը, հաստատվում են:
Նշենք, որ սա կլինի մինչ այժմ եղած ամերիկյան ամենամեծ ներդրումը Հայստանում: Ցանկացած արտասահմանյան ներդրում իրականացնող կազմակերպություն պետք է ունենա երաշխիքներ, որ ներդրումները չեն կորչի, այսինքն` պետք է հնարավորինս ցածր լինի ֆորսմաժորային իրավիճակների ռիսկը: Սակայն չլուծված Ղարաբաղյան հակամարտության պայմաններում այդպիսի երաշխիքներ ունենալը եմթադրում է առնվազն տարածաշրջանի հիմնական խաղացողների միջև համաձայնության առկայություն: Սա ենթադրում է, որ Իրանի և վեցնյակի միջև ձեռք բերված համաձայնությունը բավական խորն է և հեռու է մակերեսայնությունից` ինչը առկա էր Հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Հետևաբար, տարածաշրջանում ենթադրվում է նաև ուժերի դասավորվածության փոփոխություն, որը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների որակապես նոր փուլ: Նման իրավիճակում Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը կարող էր բավական բարձրանալ, եթե իշխող վարչախումբը ամբողջովին չլիներ ռուսական վերահսկողության և թելադրանքի տակ: Սակայն նման իրավիճակի պահպանման և Հայաստանում իրական փոփոխությունների իրականացման դեպքում հնարավոր կլինի Իրան-ԱՄՆ սպասվելիք համագործակցության շրջանակներում ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ:
Հետաքրքրական է նաև, որ այս փուլում ԱՄՆ-ը իրականացնում է ամենամեծ ներդրումը ՀՀ տնտեսության մեջ, ինչպես նաև առաջիկայում քննարկվում է գործարար և աշխատանքային նպատակներով ճանապարհորդողների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Կարծես Արևմուտքի համար հասկանալի է դարձել, որ Հայաստանի համար կարևորվում են տնտեսական և անվտանգության գործոնները: Քայլը կատարվում է տնտեսականից:
Իսկ Հայաստանի շահերից է բխում տնտեսությունում կատարվող ներդրումների դիվերսիֆիկացումը` ինչը կարող է հանգեցնել թե քաղաքական, թե տնտեսական որոշակի անկախության:
Նարեկ Ամյան