Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարրին հայտարարել է, որ ինքն ու իր կին Մեգան Մարքլը հասկացել էին, որ այլընտրանք չունենք, քան թողնել թագավորական ընտանիքը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Հունվարի 19-ին Սասեքսի դուքս արքայազն Հարրին իր «Sentebale» բարեգործական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը հանդես է եկել ելույթով:
Արքայազն Հարրին ընդգծել է, որ դժվարությամբ է կայացրել այդ որոշումը:
«Ես խորապես ցավում եմ այն փաստից, որ բանը հասավ դրան: Երկար տարիների փորձերից հետո ամիսներով բանակցություններ ընթացան: Ես գիտեմ՝ միշտ չէ, որ իրավացի եմ եղել, բայց այլընտրանք չունեի` հաշվի առնելով հետագա զարգացումները»,- ասել է արքայազն Հարրին:
Արքայազնը նշել, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի բրիտանական համագործակցությանը և նրա ռազմական ասոցիացիաներին՝ առանց բյուջետային միջոցներ ստանալու:
«Ցավոք, դա անհնար էր»,- ընդգծել է արքայազն Հարրին:
Բրիտանացի արքայազնը և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը ամուսնացել են 2018 թվականի մայիսին: Մեկ տարի անց ծնվեց նրանց տղան`Արչի Հարիսոնը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ արքայազն Հարրիի կին Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերն ու փեսային՝ թագավորական կոչումներից հրաժարվելու համար: