տուն Արցախ Արցախի քրեական օլիգարխիան շարունակում է երկակի խաղ խաղալ. Ալեքսանդր Քանանյան

Արցախի քրեական օլիգարխիան շարունակում է երկակի խաղ խաղալ. Ալեքսանդր Քանանյան

277
0

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Քարվաճառում, արդեն 11 օր է՝ հացադուլ է հայտարարել Արցախում ՀԷԿ-երի շինարարության դեմ: Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի քրէական ոլիգարխիան՝ ի դէմս տխրահռչակ մարզպետ Բակո Սահակեանի եւ նրա հակապետական շրջապատի շարունակում է երկակի խաղ խաղալ։ Մի կողմից՝ նրանք պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանի միջոցով փորձում են համաձայնութեան գալու մեծ ցանկութիւն բեմադրել, մեւս կողմից՝ դիմում են ամէն հնարաւոր ստորութեան՝ իմ դիրքերը քայքայելու, ստայաւդ ապատեղեկատուութիւն տարածելու եւ քաղաքացիներին ուժային եւ վարչական բռնաճնշումներով ահաբեկելու համար։ Բակո Սահակեանը մնում է լիովին անպայմանագրունակ անձնաւորութիւն։

Էժանագին եւ ստոր քարոչութիւն տարածելու գործիք է դարձել Արցախի հանրային հեռուստատեսութիւնը։ Երեկ, երբ իմ Քարվաճառի տանը կայացել է Արցախի պետնախարարի հետ իմ երկրորդ՝ երեք ժամ տեւած հանդիպումը, վերջինիս խնդրանքը երկու անգամ մերժելուց յետոյ, երրորդ անգամ, ի վերջո, համաձայնուել եմ Արցախի հեռուստատեսութեանը թոյլատրել կարճատեւ նկարահանում կատարել։ Այդ՝ զրոյ վարկանիշ վայելող «բրեժնեւեան» լրատուամիջոցի աճպարարութիւններին ծանաւթ լինելով, ենթադրում էի, որ խաւսքս էապէս «մկրատուելու» է, բայց կարծում էի, որ պահի լրջութիւնից ելնելով, «մոնտաժը» մարսելի կը լինի։ Սակայն ապատեղեկատուութեան այս աղբեւրը լիովին հաւատարիմ է մնացել լկտի ձեռնածութիւնների իր մշտական աւանդոյթին։ Երեւանեան լրատուամիջոցներն էլ հին սովորութեան համաձայն ընդամէնը ստրկաբար պատճենել են խեղուած տեսանիւթը։

Երեկ եւ այսաւր Քարվաճառում մոլեգնած քաղաքացիների զանգուածային ահաբեկման ոտնձգութիւնները եւ պետնախարարի բանակցային ջանքերը զրոյացնող Արցախի հանրային հեռուստատեսութեան աճպարարութիւնները լրջագոյնս վտանգում են համաձայնութեան գալու հեռանկարը, որն, ընդամէնը, պէտք է ամրագրի յայտնի պահանջների անվերապահ կատարման անխուսափելիութիւնը։ Բակո Սահակեանը սպառում է նրան՝ իմ առողջութեան հաշուին յատկացուած մտորելու ժամանակը։ Արցախի հանրային հեռուստատեսութիւնը պէտք է «Աւր լրատուական հաղորդման եթերում ներողութիւն խնդրի իր աճպարարութեան համար եւ արտահերթ կարգով հեռարձակի իմ ու պետնախարարի մասնակցութեամբ ողջ տեսանիւթը կամ ինձ կէս ժամ ուղիղ եթեր տրամադրի։ Այլապէս բանակցութիւնները չեն շարունակուի։

Անպայմանագրունակ քրէական ոլիգարխները պէտք է քաջ գիտակցեն, որ նրանց էժանագին խարդաւանքները վատթարացնելու են բացառապէս նրանց յետագայ կացութիւնը։ Ես ամուր եմ եւ կը դիմանամ, իսկ նրանք անխուսափելիաւրէն ենթարկուելու են Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականներից ակներեւաբար բխող պահանջներին»։