Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման ու չեզոքացման գործողություններ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի մասնակիցներին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար և նշել, որ ստորաբաժանման կարողությունների կատարելագործումը շարունակելու է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում: