Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձ էր կատարել, բայց մեր ԶՈՒ կողմից կորուստներ կրելով նահանջել էր:
Չնայած կրած կորուստներին` հակառակորդը չէր կարողացել մարսել կատարվածը և երեկոյան ինտենսիվ կրակահերթերով ժամեր շարունակ լարված էր պահել Տավուշի կողմից սահմանը`կրկին կրելով ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական կորուստներ: Իսկ արդեն առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ երեք ժամ դադարից հետո ադրբեջանական կողմը կրկին վերսկսել է գնդակոծությունը, իսկ ավելի ուշ սկսել է արկեր նետել Չինարի գյուղի վրա:
Իմանալով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Արցախում կամավորական ջոկատներ են կազմավորվել, որոնք պատրաստ են ցանկացած ֆորսմաժորային դրության դեպքում մեկնել Հայաստանի սահման: Այդ մասին Araratnews.am լրատվականի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Մեր կուսակցության շարքերում հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են, այդ իսկ պատճառով մեր շարքերի ներսում երիտասարդները ցանկություն հայտնեցին կամավորական ջոկատներ կազմել: Եվ նախաձեռնությանը միացան այլ քաղաքացիներ ևս: Արդեն 200-ից ավել մարդ է կամավորագրվել, որոնք ցանկություն են հայտնել մեկնել սահման, սակայն մեր ղեկավարությունից տեղեկացրեցին, որ այս պահին կամավարների կարիքը չկա: Բայց մենք կազմավորում ենք ջոկատը, պատրաստ ենք պահում, որ եթե պետք լինի, անհապաղ մեկնենք սահման»,- ասաց պատգամավորը, ապա ներկայացրեց, թե Արցախում ինչպես են արձագանքել ադրբեջանական կողմի գործողություններին:
«Արցախում բացասաբար են արձագանքել Ադրբեջանի սադրիչ գործողություններին, հատկապես, երբ ամբողջ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, երբ խաղաղության կոչեր է անում: Բայց չնայած բոլոր հորդորներին՝ Ադրբեջանը կրկին գնում է սադրանքների: Արցախում սա ընկալվում է որպես հայրենիքի մի հատվածի սահմանի խախտում. բացարձակապես տարբերություն չկա՝ նման գործողություն տեղի է ունենում Տավուշում, թե Արցախում: Երիտասարդները շատ լավ են հասկանում, որ ադրբեջանական կողմը այս անգամ խախտել է հայրենիքի Տավուշի հատվածը, և պատրաստակամ են պաշտպանել հայրենիքը»,- նշեց Ա. Հարությունյանը:
Մեր հարցին, թե ինչ չափորոշիչներ են հաշվի առնվում կամավորական ջոկատներում ընդգրկվելու համար, ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանն ասաց, որ անպայման հետևում են, որ կամավորները պարտադիր զինվորական ծառայություն անցած լինեն, հաշվի է առնվում ծառայության ընթացքում աչքի ընկած և պարգևատրված լինելու հանգամանքը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությունը:
«Այս պահին սպասում ենք Արցախի Հանրապետության ղեկավարության հրահանգներին: Այս հարցի շուրջ զրուցել ենք ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, բայց նա ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա, ամեն բան հսկողության տակ է: Նախագահը ողջունել է նախաձեռնությունը և հորդորել է շարունակել գործընթացը, որպեսզի հարկ եղած դեպքում կամավորական ջոկատները մեկնեն սահման»,- եզրափակեց իր խոսքը պատգամավորը:
Հայկ Մագոյան