Օրեր առաջ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Սերժ Սարգսյանն է վերացրել Գեորգի Կուտոյանին, որը լավ գիտեր ճշմարտությունը:
Araratnews.am-ը կապ հաստատեց Հադրութի քաղաքապետի հետ՝ իմանալու, թե արդյոք Արցախի իրավապահներն ընթացք տվե՞լ են այս հայտարարությանը, թե՞ ոչ: «Կանչել են Արցախի դատախազությունից: Ասել եմ, որ իմ կատարած գրառումը արտահայտում է իմ անձնական կարծիքը»,- պատասխանեց քաղաքապետը:
Հարցին՝ այլ հիմնավորում ունի՞ Վահան Սավադյանը, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը սպաներ Կուտոյանին, քաղաքապետն ասաց՝ միայն իր գրառումն է:
Ի դեպ, նկատեցինք՝ Հադրութի քաղաքապետի՝ «Ֆեյսբուքի» էջում գրառումը չկա: Հարցրինք՝ ինչո՞ւ է հեռացրել: Նա ասաց. «Ես հաճախակի եմ ջնջում իմ կատարած գրառումները ֆեյք օգտատերերի անմակարդակ քոմենթների համար, հնարավոր է, որ դա նույնպես ջնջած լինեմ»:
Գուցե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցնե՞րն են խնդրել ջնջել գրառումը (քաղաքապետը սատարում է Մայիլյանին), Վահան Սավադյանն ասաց. «Չկա նման բան: Ես ուղղակի շատ գրառումներ եմ կատարում, և ֆեյք էջերից հաճախակի են մտնում ու գեշ անպատասխանատու քոմենթներ գրում, և ես նրանք ջնջում եմ, բայց 3-4 օրից ոչ շուտ»:
Սոնա Դավթյան