տուն Քաղաքական Արցախը պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի. ԱԳ նախարարի ելույթը՝ Բրատիսլավայում

Արցախը պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի. ԱԳ նախարարի ելույթը՝ Բրատիսլավայում

347
0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան կայքեջից:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին.

Առաջին. ԼՂ հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016 թվի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից: