Ինչպես արդեն գիտենք, այսօր Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը: Համաձայնագրի և այլ հարցերի շուրջ Araratnews-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ:
Ի՞նչ նորություններ են սպասվում մեզ:
Հավանաբար կլինեն վերապահումներ կողմերի կողմից: Ամեն դեպքում սա, կարծես թե, դեռևս միայն տնտեսական միություն է լինելու: Ղրղզստանը ևս մինչև տարվա վերջ կմիանա Մաքսային Միությանը:
Մեր խնդիրը հետևյալն է. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է լինել հիմնադիր անդամ: Բայց մենք տեսանք, որ գործող ֆորմատը երեքի ֆորմատն էˋ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան: Նրանք ցանկացան ամեն դեպքում առանձնացնել իրենցˋ որպես հիմնադիրներ: Բայց Հայաստանի ստատուսը չեմ կարծում ավելի ցածր լինի հիմնադիրներից: Ղազախստանը մշտապես կբարձրացնի Ադրբեջանին հուզող հարցերˋ գոնե Ղարաբաղի հարցով: Ղազախստանը կփորձի ադրբեջանամետ թեկուզ փոքր դիրքորոշումներ պոկել մեզանից: Ղազախստանը և Բելառուսը խոսել են բազմաթիվ անգամ այն մասին, որ Միությունը իրականում խնդրահարույց կետեր ունի: Նրանք հասկանում են, որ սա Ռուսաստանի կայսերապաշտական ծրագրերից է և մտավախություն ունեն, չեն ցանկանում ուժեղացնել Ռուսաստանին: Այդ է պատճառը որ նրանք ուզում են կառույցը մնա միայն տնտեսական:
Ի՞նչ կարգավիճակում կհայտնվի Արցախը:
Ւնձ թվում է կողմերը աչք կփակեն Արցախի վրա: Հասկանալի է, որ անընդհատ կխոսվի այդ մասին, բայց, կարծում եմ, Արցախը կդիտվի Հայաստանի մի մաս: Բոլորը կընդունեն Արցախի դե ֆակտո կարգավիճակը: Հայաստանն ու Արցախը կընկալվեն ընդհանուր տնտեսական տարածք: Ու Արցախում արտադրված ապրանքների վրա կնշվի «Made in Armenia»: