Քրեակատարողական հիմնարկներում առանձին ծառայությունների համար գումարի կոնկրետ դրույքաչափեր են որոշվել և գանձվել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։
ՔԿԾ պետը ներկայացրեց, որ օրինակ` սահմանված հասանելիքից ավելի յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար գանձվել է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության համար` 300 ԱՄՆ դոլար: Նա ներկայացրեց, որ դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայություն մատուցելու համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
«Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից հանելու համար: Մշտապես շոշափվող թեմա է եղել այսպես կոչված «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը: Նրանք են եղել հիմնական եղանակ ստեղծողները, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաներ ապահովողները: Այս կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովվել են կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության, հանգստի լավագույն արտոնյալ պայմանները»,- ասաց նա:
ՔԿԾ պետը նշեց, որ նման արտոնություն ունեցող կալանավորների խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն չի արվել և նրանց նկատմամբ տույժեր չեն սահմանվել: