Աժ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին, մասնավորապես նշեց.
«Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, պաշտոնական մեր երկխոսությունը շատ ակտիվ է, շատ ներառական, մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման շատ հստակ ծրագրեր՝ բոլոր մակարդակներում: Այս շրջանում, դուք կհիշեք, շարունակվում է մշտական երկխոսությունը. և վարչապետի, և Իրանի նախագահի միջև եղել է շատ կոնկրետ զրույց՝ կոնկրետ մեր ծրագրերն առաջ տանելու առումով, արտգործնախարարների մակարդակով պահպանվել է երկխոսությունը շատ հստակ, մեր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում աշխատում է շատ ակտիվ, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը Երևանում աշխատում է շատ ակտիվ: Մեր օրակարգը ձևավորված է, ունի բավական մեծ ծավալ, և այդ առումով մենք շարունակելու ենք: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա Հայաստանն ունի իր շահերը, որոնք պետք է հետապնդի և Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ՝ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ: Եվ առավել մեծ թվով մենք ունենք օրինակներ ի ցույց դնելու, թե ինչպես Հայաստանը համադրում է իր քաղաքականությունը տարբեր կարևոր գործընկերների հետ՝ միևնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին և չվնասելով այն տարբեր զարգացումները, որոնք ազդում են մեր ազգային անվտանգության վրա»: