Ինքնամեկուսացումը տղերքիս համար մի տեսակ հարազատ երևույթ է: Նկատի ունեմ բանակում ծառայած տղերքին:
Զորամասն էլ փակ տարածք էր`տան նման, որտեղից դուրս գալու իրավունք չունեիր կամ կարող էիր` ժամանակավոր արձակման թերթիկ ունենալու դեպքում միայն: Էդ նույն բանն է, ինչ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման թերթիկը: Այնտեղ էլ գրված էր զինվորի անուն-ազգանունը, ելքի ժամը, վերադարձի ժամը: Միայն մեկ տարբերությամբ, որ ինքդ քեզ համար չէիր կարող թերթիկ գրել, պետք է սպաները կազմակերպեին ու պարտադիր զորամասի կնիքով:
Կարանտին… Էս տերմինն էլ միայն բանակում եմ լսել: Կարանտինին էլ ամեն ինչով ասոցացվում էր զորամասի հետ, բայց էդ էն ժամանակ: Հիմա լրիվ ուրիշ իրադրություն է:
Մի բան էլ կա: Երբ տեղը-տեղին, ինչպես հարկն է` թերթիկով-բանով, դուրս եմ գալիս տան համար առևտուր անելու, անկախ իմ կամքից կողքերս եմ նայում: Ճիշտ ինչպես զորամասում, երբ ազատ ժամանակ պտտվելիս, աչքի տակով նայում էի՝ մոտակայքում հո սպա չի՞ երևում: Հիմա էլ, բնազդաբար, ոստիկաններից եմ զգուշանում`մի տեսակ մեղավորի պես:
Զինվորի հոգեբանություն է: Զորացրվելուց հետո էլ, երբ դրսում սպա էի տեսնում՝ մի տեսակ ձգվում, զգաստանում էի:
Երկրում արտակարգ դրություն է, շատերիս համար արդեն սովորական դարձած իրավիճակ: Խորհուրդս մեկն է` զինվորական կարգով ու պարտականությունները կատարելու լրջագույն պատրաստակամությամբ մոտենանք իրավիճակին: Հրամաններին ենթարկվելու ճշգրտության ու դրանք բարեխիղճ կատարելու դեպքում այս մարտում հաղթանակն անխուսափելի է լինելու:
Առողջ եղեք:
Հայկ Մագոյան