Երեկ՝ մարտի 18-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում; Ժամը 12։50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորոթյամբ։
Ոստիկանները պարզել են, որ թունավորվածներն են՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ-ն, 5-ամյա Նարեկ Ս-ն, 6-ամյա Գարիկ Թ-ն, 9-ամյա Վահե Ս-ն, 11-ամյա Հովիկ Ս-ն, 12-ամյա Սոնա Թ-ն, 31-ամյա Նարինե Գ-ն և 58-ամյա Նինա Ա-ն։
Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք նշված թունավորումը ստացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով։
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվելու են ոստիկանության Սևանի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։