Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 26-ը՝ չզեկուցվող։
Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին լրացնելով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց.
«Արդեն մոտ 5 մլրդ դրամի նախագծանախահաշվային փաստաթղթեր մեր նախարարությունն ունի: Հիմա մենք վերջին ճշգրտումներն ենք իրականացնում քաղշինի հետ, որպեսզի արդեն պայմանով դնենք մրցույթների: Այստեղ կուզեմ ավելի բովանդակային առումով անդրադառնանք և նշեմ, որ շատ բազմազան են և ՀՀ-ի, ըստ էության, ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները, ինչը կնշանակի, որ շինարարական ընկերությունները բոլոր էն մեր համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կորոնավիրուսի հետ կապված՝ մեկնելու արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, նրանք հիմնականում շինարարական ոլորտից են՝ ներգրավվեն այս գործընթացների մեջ: Բովանդակության առումով ասեմ, որ սրանք 22 մոդուլային դպրոցներ են, բազմաթիվ քոլեջներ ու ուսումնարաններ են, դպրոցներ են, մշակութային օբյեկտներ են, որոնց մի մասը վերակառուցվում են, մյուս մասն ունեն տարբեր տեխնիկական խնդիրներ՝ տանիքից մինչև ջեռուցման համակարգեր, այսինքն՝ լայնածավալ աշխատանքներ են, և հուսով եմ, որ մինչև հունիս մեծ մասի մրցույթները կիրականացնենք»: