տուն Լուրեր Արտագաղթողներն արդարացում չունեն

Արտագաղթողներն արդարացում չունեն

212
0

4

Քսան տարուց ավելի ժամանակ է անցել ՀՀ անկախության հռչակումից ու թվում էր, թե անկախ հայրենիք ունենալու տեսլականն, ի վերջո, հայրենիքում համախմբելու է օտար ափերում ապաստանած հայերին: Սակայն իրականությունն այլ էր, անցյալ դարի իննսունական թվականների սկզբի պատերազմով եւ համակարգային փոփոխություններով պայմանավորված, արտագաղթը շարունակվում է առայսօր՝ դառնալով թիվ մեկ խնդիրն ու սպառնալիքն ազգային անվտանգության համար:

Արդեն մի քանի օր է, ինչ ընկերներիս հետ արտագաղթի թեմայով փոքրիկ քննարկումներ ենք անցկացնում: Ի զարմանս ինձ` նրանցից շատ քչերն են, որ արդարացնում են արտագաղթողներին, ինչի համար իսկապես ուրախ եմ: Համենայնդեպս, ես միշտ մեղադրել եմ երկիրը լքողներին՝ անկախ դրդապատճառներից: Այո, այսօր Հայաստանում չկան բավարար պայմաններ, մեծ թիվ չեն կազմում բարձր վարձատրվող աշխատատեղերը, անարդարությունը մեծ չափերի է հասնում, իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէ ու բավականին շատ այլ խնդիրներ կան, բայց այս ամենի հետ մեկտեղ կարծում եմ, որ Հայաստանում ապրել հնարավոր է: Արտագաղթի թվերն օրեցօր մեծանում են ոչ միայն վերը նշված խնդիրների պատճառով, այլ նաև նրա համար, որովհետև հայ ժողովուրդը գաղթելու հակում ունի: Քիչ չեն մարդիկ, ովքեր ամեն ինչով ապահովված էին, բայց միևնունն է, էլի թողել-գնացել են իրենց տունը, երկիրը՝ «ավելի լավ ապրելու համար»: Սա նույնն է, ինչ մարդ ասի, որ իր տունը լավը չէ և գնա հարևանի տանը ապրի: Ինձ համար նման մարդիկ արդարացում չունեն: Բայց սրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր ապրելով սոցիալապես ծայրահեղ վատ պայմաններում՝  անգամ չեն էլ մտածում գնալու մասին, ավելին՝ քննդատում են գնացողներին: Կարծում  եմ՝ հարգանքի է արժանի մարդու այս տեսակը: Անշուշտ, կան մարդիկ, որոնք իրենց երեխաների օրվա հացը չեն կարողանում հայթայթել ու արտագաղթում են ընտանքիը պահելու համար: Այս խավին թերևս կարելի է եթե ոչ արդարացնել, ապա գոնե հասկանալ:

Խոսելով հայ մարդու գաղթելու հակման մասին, ասեմ, որ  իմ այս տեսակետը  լավագույնս բանաձևել է հայ գրող Վանո Սիրադեղյանը. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»:

Գիտեմ, շատերը չեն համաձայնի ինձ հետ, կպնդեն, որ սխալ վերլուծություն եմ արել, բայց, ինչևէ, սա  իմ կարծիքն է: Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ոչ թե պետք է իր խնդիրների լուծումը համարի երկրից թողնել-հեռանալը, այլ պիտի պայքարի իր երազած երկիրն ունենալու համար: Պետք չէ սահմանափակվել տանը կամ բակում  խնդիրների մասին խոսելով, պետք է ընդվզել, ոտքի կանգնել, այլ ոչ թե  հուսալքված ասել, թե ոտքի կանգնելը Հայաստանում արդյունք չի տալիս:

Արտագաղթի համար պատասխանատու ենք բոլորս, սակայն, իհարկե, թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, հետո միայն հանրապետության այն քաղաքացիներն ու քաղաքական ուժերը, ովքեր նպաստում են այդ իշխանությունների վերարտադրությանը. ոմանք՝ ուղղակիորեն, ոմանք՝ ընտրակաշառքով, ոմանք՝ իրենց անտարբերությամբ, ոմանք՝ ոչ արդյունավետ մարտավարությամբ եւ ոմանք էլ՝ այլընտրանք չունենալով։ Իսկ արտագաղթի պատճառների վերացման քաղաքական կամքի բացակայությունը ու իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքն, ի վերջո, հանգեցնելու են ժողովրդագրական աղետի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ երբեմն նույնիսկ անդառնալի: Ու հենց սրա համար էլ կարծում եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ամուր կառչի իր հողից ու չլքի իր երկիրը, ավելին՝ ստիպի որ արտագաղթի համար նախապայմաններ ստեղծողներն արտագաղթեն:

Էմմա Պալյան