![Արսեն-Ջուլֆալակյան](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/Արսեն-Ջուլֆալակյան.jpg?resize=640%2C427)
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին: Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ջուլֆալակյանը, որը ժողովին մասնակցել է Ըմբշամարտի միջազգային միության կողմից, իր գրառման մեջ ներկայացրել է քննարկման թեման:
«Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին…
Րոպեներ առաջ (խմբ. նկատի ունի մարտի 18-ի երեկոյան) ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:
Հարցերը տարբեր էին՝
. մարզումների իրականացման համար անհնար պայմաններ
. սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն
. վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով
. դոպինգային ստուգումների անհնարինություն
. օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր
. խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն
. խաղերի հետաձգում և այլն…
Տրվեցին այս պահին հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ:
Այս պահին շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա:
Եվ կրկին հղում անելով նախագահ Բախին՝ ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը:
Օրեր առաջ ՄՕԿ-ը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ: Նշել էր, որ առայժմ խաղերը հետաձգելու մասին մտածելը վաղը է: Հորդորել էր մարզիկներին շարունակել նախապատրաստվել մրցումներին: