Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու Դելիում: Գերատեսչության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ: ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրները և դոնոր կազմակերպությունները` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:
Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը: Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման տեսանկյունից: Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ունենալուն: