Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի հետ կապված բավական աղմկահարույց միջադեպեր տեղի ունեցան: Ոստիկանները փակել էին գործարան գնացող ջուրը, որի հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցվել էին: Մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որ «Արարատցեմենտ» մտնող ջուրը փակվել է, քանի որ պարտքեր է ունեցել: Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.«Նման անպատասխանատու հայտարարություն անողներին ուղղակի խորհուրդ կտամ վերանայել քծնանքի գերադրական աստիճանում դրսևորվող իրենց վարքագիծը, քանզի այն պատիվ չի բերում ոչ ոքի: Եվս մեկ անգամ շեշտում եմ «Արարատցեմենտը» ո՛չ բնապահպանական վճարների, ո՛չ հողի կամ ջրի մեկ լումա անգամ պարտք չունի, և այդ տեղեկատվությունը հեշտությամբ կարող է պարզել յուրաքանչյուր ոք: Իսկ բոլոր այն անձանց, ովքեր խիստ անհանգստացած են «Արարատցեմենտ»-ի ֆինանսական խնդիրներով, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ գործարանը ոչ միայն պարտքեր չունի, այլ նաև կատարված է գերավճար»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չցանկացավ մեկնաբանել, թե արդյոք այս ամենը արշավ է Գագիկ Ծառուկյանի դեմ հարցը, ասելով, որ իրենք ներկայացնում են փաստերը, իսկ հետևություններ կարող են անել յուրաքանչյուրը: