Վերջին օրերին ինտերնետային կայքերից մեկում հայտնվեց Եղվարդում կառուցվող «Արմօյլ» բիտումի և քսայուղերի գործարանի վերաբերյալ մոտ 15 րոպե տևողությամբ մի ռեպորտաժ, որտեղ ապատեղեկատվությունից բացի, որևէ փաստական տվյալներ չկան,- վստահեցնում են «Արմօյլ» գործարանի պատասխանատուները: Ինտերնյուզ կայքում տեղ գտած այսպես կոչված հատուկ ռեպորտաժում սկզբից մինչև վերջ ներկայացված փաստերը որևէ աղերս չունեն իրականության հետ: Ռեպորտաժում տեղ գտած ապատեղեկատվությանն ու կեղծիքին «Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրենը փաստերով է հակադարձում: Ալֆրեդ Աբեդին վստահեցնում է՝ գործարանում արտադրվելու են միայն բիտում և քսայուղեր, նավթամթերքի մասին խոսք լինել չի կարող:
Ռեպորտաժում տեղ գտած հաջորդ ապատեղեկատվությունն այն է, որ գործարանն արդեն հանձնվել է շահագործման, այնինչ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է Եղվարդի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածքում կառուցվում է բիտումի և քսայուղերի գործարան, նույնպես չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետը ռեպորտաժում նշել է, որ այդ տարածքում կառուցվում են պահեստներ, այնինչ և՛ քաղաքապետը, և՛ իրավասու բոլոր գերատեսչությունները ոչ միայն տեղյակ են եղել կառուցվող գործարանի մասին, այլև դրական եզրակացություն են տվել:
Ի վերջո, որն է «Արմօյլի» շուրջ բարձրացված անտեղի աղմուկի, տարածած ստի, ապատեղեկատվության ու շանտաժի նպատակը, և հատկապես ում է ձեռնտու այն դեպքում, երբ գործարանը շահագործելու դեպքում առանց որևէ մեկին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեծ օգուտ է բերելու տնտեսությանը՝ ստեղծելով նաև հարյուրավոր աշխատատեղեր: «Արմօյլ»-ը կառուցման օրից որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ և որևէ մեկից թաքցնելու որևէ բան չունի:
Ալֆրեդ Աբեդին կոչ է անում որևէ բան հրապարակելիս կամ ռեպորտաժ պատրաստելիս հիմնվել միմիայն փաստաթղթերի վրա և ներկայացնել միայն իրականությունը, այլ ոչ թե որոշ նպատակներ հետապնդելով խեղաթյուրել իրականությունն ու ապատեղեկատվություն տարածել հասարակության շրջանում: Ինչ վերաբերում է ռեպորտաժում շահարկվող մտքին, թե «Արմօյլ»-ը չի հարգում ընդերքի տեսչական մարմնի որոշումները, «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին վստահեցնում է. չկա ուժի մեջ մտած որևէ որոշում, որը չի հարգվել «Արմօյլ» ընկերության կողմից: Կա տեսչական մարմնի կողմից դեկտեմբերի 17-ին կայացված մեկ որոշում, որին «Արմօյլ»-ը համաձայն չի եղել և բողոքարկել է: Այժմ գործը գնվում է վարչական դատարանում: Որոշումը կայացրած բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խայտառակ և ոչ կոմպետենտ գործունեության և որոշումներ կայացնելու պատճառով աշխատանքից հեռացվել է: