տուն Քաղաքական Վերլուծական Արմեն Մովսիսյանին պետք է տրվի ՌԴ «գազի տեսուչի» կարգավիճակ

Արմեն Մովսիսյանին պետք է տրվի ՌԴ «գազի տեսուչի» կարգավիճակ

370
0

armen-movsisyan-2

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասել էր, որ Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները, եթե նման ցանկություն հայտնեն Հայաստանի իշխանությունները: Նա նշել էր, որ Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի սպառման ամբողջ ծավալը:
Հաջորդ օրը ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կրկնեց շուրջ կես տարի առաջ իր կողմից արված այն հայտարարությունը, որ Իրանը այսօր Հայաստանին գազ է առաջարկում ավելի թանկ` 400 դոլար գնով, քան Ռուսաստանից ստացվող գազը:

Սակայն այս հայտարարությունից երկու օր անց Մոհամմադ Ռեյիսին ևս մեկ անգամ հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել սպառողների համար գազ գնելու վերաբերյալ. «Մինչև այժմ Հայաստանի հետ, բացի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի մասին խոսակցությունից, մենք գազի գնման գնի մասին քննարկում չենք ունեցել»: Անդրադառնալով նաև Իրանի կողմից սահմանվող արտահանման գներին նա ասել էր, որ այդ գները միանշանակ չեն և եթե մեկ երկրի դեպքում կարող են կազմել 400 դոլար, ապա մյուսի դեպքում կարող է լինել 100 դոլար:

Դեկտեմբերի 12-ին Արմեն Մովսիսյանը, հավանաբար, փորձելով մի փոքր մեղմել իր և կառավարության ստախոսության ակնհայտ փաստը, ասաց, որ եթե Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին նորից պնդի, որ իրանական կողմը պատրաստ է էժան գազ տրամադրել Հայաստանին, բանակցություններ կլինեն դրա շուրջ:

Փաստորեն ՀՀ էներգետիկայի նախարարին բավարար չէր դեսպանի` երկու անգամ արած հստակ հայտարարությունն ու առաջարկությունը, և վերջինս պետք է մի երրորդ անգամ վստահեցնի, որ Իրանը կարող է ավելի էժան գազ մատակարարել։ Նախարարի նման հայտարարությունը և դեսպանի այն փաստարկը, որ Հայաստանը երբևէ չի բանակցել Իրանի հետ գազի ձեռքբերման շուրջ, խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը փորձ անգամ չի արել ռուսական գազի այլընտրանքների որոնման համար:

Նախարարը նաև կենտրոնացել է դեսպանի 100 դոլար գնի մասին հիշատակման վրա և ասել, որ եթե իրանական կողմը հայտնի 100 դոլարով գազ մատակարարելու պատրաստակամություն, ինքը պատրաստ է մեկնել Իրան՝ բանակցություններ վարելու:
Մինչդեռ, բացի տնտեսական շահավետությունից, կարևոր է նաև էներգետիկ անվտանգության հարցը, ինչը այս դեպքում հնարավոր է լուծել միայն էներգակիրների ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման միջոցով: Սակայն, ինչպես բազմիցս համոզվել ենք, անվտանգության հետ կապված հարցերում ՀՀ իշխանությունները հույսները դնում են «մեծ եղբոր» վրա:

Մի բան հստակ է`  ՀՀ իշխանությունները և էներգետիկայի նախարարությունը էներգետիկ ոլորտում այլևս ընդունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել, և եթե անգամ Իրանը համաձայնի 50 դոլարով գազ մատակարարել, ապա Արմեն Մովսիսյանի հարցական հայացքը նորից ուղղվելու է դեպի Կրեմլ: Հավանաբար ժամանակն է, որ լուծարվի ՀՀ էներգետիկայի նախարարությունը, իսկ Արմեն Մովսիսյանին տրվի Հայաստանում ՌԴ դաշնության «գազի տեսուչի» կարգավիճակ:

Նշենք նաև, որ այս տարվա երրորդ եռամսյակում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում Իրանից ներմուծված գազը արժեցել է 181.7 դոլար՝ հազար խորանարդ մետրի հաշվով: Համեմատության համար նշենք, որ անգամ Վլադիմիր Պուտինի նշած ՌԴ ներքին գներով գազ ներկրելու դեպքում, այն կարժենա 189 դոլար:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here