տուն Հասարակություն Մշակույթ Արմեն Էլբակյան. «Յուրաքանչյուր ամուսին, քնից արթնանալիս, պետք է այնպես անի, որ իր...

Արմեն Էլբակյան. «Յուրաքանչյուր ամուսին, քնից արթնանալիս, պետք է այնպես անի, որ իր կինն իրեն նորից սիրահարվի»

584
0

Տասնյակ տարիներ շարունակ Արմեն Էլբակյանը բեմում է: Այս տարիների ընթացքում դերասանը հասցրել է մեծ հռչակ ու սեր վայելել հանդիսատեսի և հեռուստադիտտողների կողմից: Մարմնավորել է տարբեր կերպարներ: ArmStar.am-ը զրուցել է սիրված դերասանի հետ` ճանաչելու նաև նրա «մարդ տեսակը» :

«Այս տասնյակ տարիների ընթացքում տարբեր դերեր եմ խաղացել, տարբեր կերպարներ մարմնավորել: Բոլոր կերպարներն էլ իմ «զավակներն են» և ես մեծ սիրով եմ դրանք կերտել: Երիտասարդ տարիքում խաղացել եմ թե’ Մերկուցիո` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ում, թե’ Գիժ Մոզի` Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»-ում… : Բոլոր այս կերպարները մեկ խնդիրներ էին լուծում` թե ինչպես և ինչի համար պետք է ապրի մարդը, որն է մարդու ճիշտ ապրելու կերպը: Այս ամենին զուգահեռ կարող եմ առանձնացնել նաև մի կերպար, որը վերջին տարիներին եմ մարմնավորել «Արմեն Էլբակյան» թատրոնում` Հրանտ Մաթևոսյանի «Տերը» վիպակի հիման վրա կերտած Ռոստոմի դերն է: Այս կերպարն ու ես` Արմեն Էլբակյան մարդը, շատ նման հատկություններ ունենք»,-  ասել է սիրված ու տաղանդաշատ դերասանը: Արմեն Էլբակյանը, բացի դերասանական գործունեությունից, նաև դասավանդում է թատերական ինստիտուտում, ունի ուսանողներ: ArmStar.am-ը հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս նա իր ուսանողներին՝ ապագա դերասաններին. «Այս խորհուրդը ես «ժառանգել եմ» հորիցս: Իմ սաներին ես միշտ ասում եմ` փողի ետևից մի’ ընկիր, գլուխդ կախի’ր, աշխատի’ր, փողը կընկնի քո ետևից, փառքի ետևից մի’ ընկիր, գլուխդ կախի’ր, աշխատի’ր, փառքը կընկնի քո ետևից, բայց երբ հասնես փառքի, փորձի’ր դիմանալ փառքին»: Արմեն Էլբակյանին շատ հաճախ բեմում և հեռուստաէկրաններին կարելի է տեսնել կնոջ` Աննա Էլբակյանի հետ միասին: Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք դժվար չէ ընտանիքի անդամի հետ միասին աշխատելը և արդյոք աշխատանքային խնդիրները ընտանիք չեն տեղափոխվում. «Մեր դեպքում մեզ վրա չի ազդում ընտանիքի անդամ լինելը: Իհարկե որոշ դեպքերում աշխատանքային խնդիրները տեղափոխվում են տուն և ուղղակի հանգստանալն է անհնարին դառնում, բայց մի բան կարող եմ ասել, որ Աննան աշխատանքում շատ հեզ է, նրա հետ շատ հեշտ է աշխատել: Ի վերջո մենք պրոֆեսիոնալներ ենք»,- մեկնաբանեց Արմեն Էլբակյանը:

Էլբակյանը պատմեց նաև, որ կինը` Աննան, շատ հաճախ բեմում հանդես է գալիս անակնկալ իմպրովիզացիաներով, որոնք խիստ անսպասելի են թե’ հանդիսատեսի, թե’ բեմում խաղացող դերասանների համար: «Այժմ միասին համատեղ ներկայացում ունենք՝ «Թռչում ենք լուսին», որը բեմում կլինի հունվարից»: Արմեն Էլբակյանը մյուս ճանաչված ու հայտնի մարդկանց նման շատ հաճախ բամբասանքներ է լսում իր անձի շուրջ. «Ես իմ անձի շուրջ էլ եմ լսում, հորս անձի շուրջ էլ… (ծիծաղում է), բայց ես նման դեպքերում հետևում եմ այն պատգամին, որ պետք է գլուխս կախեմ, աշխատեմ…»,- ավելացրեց Արմեն Էլբակյանը:  ArmStar.am-նԱրմեն Էլբակյանին խնդրել է, որպեսզի ինքն իրեն բնութագրի որպես ամուսին, որպես հայր և որպես պապիկ, պատասխանն այսպիսինն էր. «Որպես ամուսին չգիտեմ ինչպիսինն եմ, Աննային պիտի հարցնեք: Ես որ ինձանից շատ դժգոհ եմ, կուզեի ավելի լավը լինել կնոջս համար: Մի բան հաստատ գիտեմ, որ յուրաքանչյուր ամուսին, երբ քնից արթնանում է, պետք է այնպես անի, որ իր կինն իրեն նորից սիրահարվի: Չգիտեմ՝ ինձ դա հաջողվում է, թե ոչ, բայց ես շատ եմ սիրում իմ կնոջը, իմ զավակին, իմ թոռնիկին…»,- պատասխանեց Արմեն Էլբակյանը: Խոսակցության ավարտին Արմեն Էլբակյանն ավելացրել է. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու մարդկանց: Թող որ յուրաքանչյուր մարդ ինքն իր տեղում փորձի կյանքն ավելի լավը դարձնել, որպեսզի կարողանանք դիմակայել մեր շուրջը տիրող քաոսին»:

 

Զրուցել է Աշխեն Մնացականյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here