Մոսկվայի Տվերսկայա փողոցում տեղակայված «Արմենիա» ռեստորանը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիից և մյուս ընդդիմադիրներից դատական ճանապարհով ստացել է 241 520 ռուբլիի (մոտ 3700 ԱՄՆ դոլար) փոխհատուցում։
Այս մասին հայտնում է tvrain.ru-ն՝ նշելով, որ ռեստորանը այդքան է գնահատել հուլիսի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի հետևանքով կորցրած շահույթը:
«Արմենիա» ռեստորանի տնօրինությունը խնդրել էր գործիչներից գանձել 550 հազար ռուբլի, սակայն դատարանը մասնակիորեն է բավարարել նրանց պահանջը։
Աղբյուրը հաղորդում է, որ որպես պատասխանող է նշվել Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Իլյա Յաշինն ու Լյուբով Սոբոլը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը։
Բացի այդ՝ հանրահավաքի կազմակերպիչների դեմ հայցի ներկայացումից հետո ռեստորանի վարկանիշը «Ֆեյսբուքում» 5-ից իջել է 2-ի․ դա տեղի է ունեցել զանգվածային բացասական մեկնաբանություններից հետո։
Հուլիսի 27-ին Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով թույլ տալ ընդդիմության մասնակցությունը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Ցույցերի արդյունքում բերման է ենթարկվել հազարից ավելի մարդ, իրավապահները քաղաքացիների հանդեպ կիրառել են բիրտ ուժ։