տուն Հասարակություն Առողջապահություն Արմավիրի քաղաքապետի պարզաբանումները Araratnews.am-ին

Արմավիրի քաղաքապետի պարզաբանումները Araratnews.am-ին

866
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտակարգ իրավիճակի կենտրոնն այս պահին Էջմիածին քաղաքն է:  Araratnews.am լրատվականն այս օրերին արտակարգ ռեժիմով աշխատում է ինչպես Էջմիածնում, այնպես էլ ամբողջ Արմավիրի մարզում:

Արմավիր քաղաքն աշխարհագրական դիրքով բավականին մոտ է Էջմիածնին և այս պահին գտնվում է ռիսկային գոտում: Այդ իսկ պատճառով Araratnews.am-ը կապ հաստատեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքում խուճապ առհասարակ չկա: Քաղաքային կյանքը բնականոն հունի մեջ է: Քաղաքապետարանը աշխատում է սահմանված կարգով:

Դավիթ Խուդաթյանը նշեց նաև, որ քաղաքապետարանի տարիքով աշխատակիցներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին թույլատրվել է մնալ տանը:

Քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի մասին Արմավիրի քաղաքապետը պարզաբանումներ տվեց. «Քաղաքն անընդհատ ախտահանվում է, փողոցները, մայթերի եզրամասերը լվացվում են, քաղաքային տրանսպորտը օրը մի քանի անգամ ախտահանվում է: Քաղաքում փակ խանութներ չկան: Երեկ նկատվում էր մի փոքր ակտիվություն՝ կապված արտակարգ ռեժիմի հետ, բայց այսօր ամեն բան կարգին է: Մարդիկ փողոց են դուրս գալիս՝ ձեռք բերելու համար անհրաժեշտ իրեր»,- նկատում է Դավիթ Խուդաթյանը:

Քաղաքի մուտքերի փակվելու հետ կապված՝ քաղաքապետը հստակ ասելիք չունի: Դեռ պարեկապետը որոշում չի կայացրել: Անհրաժեշտության դեպքում կփակվեն նաև քաղաքի մուտքերը, բայց այս պահին նման որոշում չունեն:

Կորոնավիրուսով վարակվածների մասով Արմավիրի քաղաքապետն ասաց, որ այս պահին կարանտինում կան երկու հոգի, բայց վարակվածներ, փառք Աստծո, չկան:

Այս առնչությամբ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, հիգիենան: «Ձեր միջոցով ուզում եմ արմավիրցիներին հորդորել մնալ տանը, խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տներից: Խնդրում եմ պահպանել անձնական հիգիենան, անընդհատ լվացվել, որպեսզի համաճարակը չտարածվի»,- իր խոսքի վերջում ասաց Արմավիրի քաղաքապետը:

Հայկ Մագոյան