տուն Սպորտ Ծանրամարտ Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից դահլիճ կկառուցվի. նախարար

Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից դահլիճ կկառուցվի. նախարար

833
0

Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 26-ը՝ չզեկուցվող։

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:

Օրակարգի 22-րդ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցի զեկուցման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց.

«Այս նախագիծը մեր նախաբանի տրամաբանական շարունակությունն է, որով ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախագծով նախատեսվում է. ՀՀ ԿԳՄՍՆ-ին 2020 թվականի բյուջեով կրթության բաժնի կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների շրջանակներում իրականացվող ծրագրի միջոցառման հատկացումներին 743 մլն 769 հազար դրամ տրամադրել՝ վերաբաշխմամբ հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար, որից 464 մլն 925 հազար դրամը հատկացվում է նախագծահետազոտական ծախսեր իրականացնելու համար և 278 մլն 843 հազարը շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: Այստեղ հիմնականում մենք սրանով ավարտին ենք հասցնում նախորդ տարի սկսած գործընթացները… Մի շարք կառույցների ավարտման փուլի համար գումար ենք հատկացնում, մասնավորապես՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, Վարդենիսի միջնակարգ դպրոցը, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, և մի կետի վրա եմ ուզում կանգ առնել ևս. դա վերաբերում է Արմավիրի մարզի ծանրամարտ մարզաձևի համաժամանակակից դահլիճ կառուցելու նախագծահաշվային փաստաթղթերի պատրաստմանը. աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը և նրա մարզիչն ու գործընկերները դիմել էին մեզ: Այս տարածաշրջանում կան ավանդույթներ, սակայն չկան համապատասխան պայմաններ, և մենք, քննարկելով այս ծրագիրը, նույնպես որոշեցինք իրականացնել, նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստել ու դահլիճ կառուցել, մանավանդ, որ մեր տեղեկություններով՝ 2016 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանն, ամենայն հավանականությամբ, կստանա օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, որովհետև առաջին տեղը զբաղեցրած մարզիկը որակազրկվել է»: