Araratnews.am-ը երեկ զրուցել է նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի հետ կուսակցությունից հեռանալու պատճառների մասին:
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ-ում Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Լեռնիկ Ալեքսանյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու պատճառը եղել է մարզային գրասենյակ ստանալու պահանջի մերժումը: Իսկ Ֆիրդուս Զաքարյանը, ըստ Գեղամ Պետրոսյանի, անգամ Հրանուշ Հակոբյանին՝ սփյուռքի նախկին նախարարին, որի հետ աշխատել է, չի հակաճառել, հետևաբար իրավունք չունի խորհուրդ տալ: «Մեկը չկա հարցնող՝ բա երիտասարդներին հարցրե՞լ ես, իրենք ուզո՞ւմ են, որ կուսակցության նախագահը փոխվի: Մեկը ես և իմ շատ ընկերներ չենք ուզում, անգամ չենք մտածում այդ մասին, քանի որ հպարտ ենք մեր կուսակցության նախագահի անցած ճանապարհով, դավանած արժեքներով և իր մարդ տեսակով»,- գրել է ՀՀԿ-ականը:
Araratnews.am-ը զանգահարեց Լեռնիկ Ալեքսանյանին՝ տեղեկանալու, թե արդյոք ՀՀԿ-ից դուրս գալու պատճառը մարզային գրասենյակն է: Նա ասաց, որ չի կարդացել գրառումը: «Արձագանքում եմ արհամարհանքով: Դա լրիվ հերյուրանք է: Էսքան ժամանակ ես կուսակցությունից ինչ-որ բան ոչ վերցրել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ վերցնելու: Չեմ էլ ուզում այդ հարցին պատասխանել, անկեղծ ասած»,- պատասխանեց նախկին պատգամավորը:
Ֆիրդուս Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց. «Ուզում եմ ընդհանրապես չարձագանքել: Հաջողություն եմ մաղթում իրենց առաջնորդի հետ միասին: Եթե կարող են, թող քաղաքական կյանքում որոշակի դիրքեր գրավեն: Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանին, նրան ճանաչում եմ 1977-ից: Համարում եմ ինձ ավագ ընկեր, քույր: Մեր աշխատանքը հաջողված է եղել: Պարտադիր չէ, որ ամեն անգամ որեւէ հարցում հակաճառես: Մենք միշտ կոնսենսուսի ենք եկել գլխավոր հարցերում»:
Սոնա Դավթյան