Ամերիկյան Լուիզիանա նահանգի բնակիչ՝ 20-ամյա Բրենդոն Կալենդան օրերս գնացել էր Արկանզաս նահանգի ազգային այգի եւ այնտեղ գտել 2,89 կարատանոց սպիտակ ալմաստ։
«Ալմաստների խառնարան»-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ յուրաքանչյուր ոք կարող է թանկարժեք քարեր փնտրել, ընդ որում այցելուները գտածոն իրավունք ունեն այն պահելու իրենց։ Այգու մուտքի տոմսն արժե 8 դոլար՝ մեծահասակների եւ 5 դոլար՝ երեխաների համար։
Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, ալմաստը սիսեռահատկիկ չափ է եւ եռանկյունաձեւ։ «Սկզբում ես կարծում էի, թե ապակու փշուր եմ գտել, բայց ամեն դեպքում ցույց տվեցի այն այգու աշխատակիցներին։ Նրանք միանգամից հասկացան, որ դա ալմաստ է եւ ինձ հատուկ տուփ տվեցին այն պահելու համար»,- պատմել է երիտասարդը։
Նա ալմաստն անվանել է Ջեքս՝ իր որդի Ջեքսոնի պատվին։ «Կարծում եմ սրանից գեղեցիկ մատանի կստացվի»,- նշել է երջանկացած Կալենդան։
Այս տարի «Ալմաստների խառնարան»-ում արդեն գտել են 40 թանկարժեք քարեր, սակայն նրանց մեծամասնության քաշը չի գերազանցում 1 կարատը։ Հիմա դրանց «որսի» համար իդեալական պայմաններ են, քանի որ տեղացած անձրեւներից հետո քարերն ավելի հեշտ են նկատվում։