«Ամեն մի ցինիկի եւ կեղծ բարեպաշտի պատրաստ չեմ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին այսպես է պատասխանել ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` խիստ քննադատելով նախագիծը: Նրան զարմացրել են հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե իրենք լինելով ընդդիմություն՝ կողմ են քվեարկելու այս նախագծին: «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա ի իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»,- ասել էր Փաշինյանը: Հավելենք, որ այն ընդդիմադիր պատգամավորը, որը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու նախագծին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր: