Խորհրդարանական ճեպազրույցները մեկնարկել են. «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարություններին`«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են Վանեցյանի կողմից, մակերեսային են, և, ըստ էության, Վանեցյանը չունի ինչ-որ քաղաքական կապիտալ. «Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ ղեկավար: Նրա հանրային ճանաչելիությունը սկսվել է հենց այդ պահից»:
Կոնջորյանն ընդգծեց, որ իր ունեցած հանրային ճանաչելիության համար Վանեցյանը պարտական է հեղափոխությանն ու մասնավորապես ՀՀ վարչապետին` այն վստահության համար, որը նրան տրվել է. «Այդ հայտարարությունները ինչ-որ իմաստով իրականությունից կտրված որոշակի դրսևորումներ ունեն: Քաղաքական կոնկրետ ասելիքի բացակայություն եմ ես այդտեղ տեսնում: Ավելի շատ համացանցի տիրույթում երևալու ցանկությամբ է դա պայմանավորված»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Վանեցյանի հայտարարություններին, հավելեց, որ երբ ԱԱԾ նախկին պետն ի լուր բոլորի կհայտարարի, որ զբաղվում է քաղաքականությամբ, այն ժամանակ իրենք կարձագանքեն նրա հնչեցրած հայտարարություններին: