Օրեր առաջ համացանցում տարածվեց Հանրային խորհրդի անդամ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի եւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի զրույցի «սքրինշոթը», որը, ըստ լուրերի, հայտնաբերել են Ստյոպա Սաֆարյանի գողացված հեռախոսից:
Ստյոպա Սաֆարյանը այդ զրույցը համարել էր հորինված նամակագրություն եւ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:
Araratnews.am-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ Ստյոպա Սաֆարյանի օրինակով կդիմի՞ իրավապահներին եւ հաղորդում կտա՞ հանցագործության մասին: «Սիրով կցանկանայի դա անել: Ուսումնասիրեմ՝ խնդիրն ինչ է, ինչպես կարող եմ դա անել»,- պատասխանեց նա:
Մեր մյուս հարցին՝ ի՞նչ գնահատական կտա այդ նամակագրությանը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Նախկին կոռումպացված ռեժիմի տիրույթում եւ ֆինանսավորմամբ գործող ֆեյք կայքերը, ֆեյք օգտատերերը փորձում են միջամտել մեր գործունեությանը, ֆեյք նյուզ տարածել, քանի որ ազդեցության այլ լծակներ չունեն: Բայց սին փորձեր են»:
Սոնա Դավթյան