Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում պատասխանեց «Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու լուրերին: Ավինյանը հաստատեց՝ ՀԾԿՀ-ը ստացել է հայտը, պետք է վերլուծություն անի, որ հասկանա՝ ինչպես է ազդելու գնումը ծառայության գնի վրա:
ՀԾԿՀ-ի նախնական դիրքորոշումը, ըստ փոխվարչապետի, այն է, որ բոլոր հաճախականությունները պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքին հայկական շուկա:
Կառավարության անդամն ասաց, որ կան բոլոր գործիքները մենաշնորհ թույլ չտալու:
Հիշեցնենք՝ 2019 թ.-ի դեկտեմբերի վերջին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ ընկերության բաժնետոմսերի 100% «Յուքոմ» ՍՊԸ-ին փոխանցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Գործընթացի համար օրենսդրությամբ սահմանված է առավելագույնը 60 օր։ Միևնույն ժամանակ՝ Ucom-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ գործարքի համար հանձնաժողովի թույլտվությունը ստանալու նպատակով, ինչի համար առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր։ Օրերս «Յուքոմ»-ը և «ՎԵՈՆ»-ը նույնպես հաստատեցին վաճառքի վերաբերյալ բանակցությունների առկայությունը։