Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր լրագրողներին պարզաբանեց, թե ինչու են ապամոնտաժվում Մալաթիա-Սեբաստիա ավտոտնակները: «Ամիսներ առաջ եղել է հանդիպում բնակիչների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ: Փոխզիջումային տարբերակ են առաջարկել: Նոր նախագծով ավելացել է ճանապարհի մուտքեր, ելքեր, վերգետնյա անցում»,- մանրամասնեց մամուլի խոսնակը:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ բավարար չափով բնակիչներին փոխհատուցվել է ապամոնտաժված ավտոտնակների համար՝ 115 տոկոսով: «Զավթած տարածքներում ավտոտնակներ են եղել, ու չնայած այս հանգամանքին, բնակիչներին տրվել է փոխհատուցում»,- ասաց մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է շենքերի վթարային լինելուն ու մայրուղու ազդեցությունը, մամուլի խոսնակը ենթադրում է՝ այդ ազդեցությունը հաշվարկել են: