Օրեր առաջ պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Սաշա Սոլոմոնյանը գրառում էր արել՝ նշելով, որ ՀՀ֊ում ռեստորանային սննդի որակը մտահոգիչ է (հատկապես տուրիստական ռեստորաններինը)։
Տուրիզմի զարգացմանը զուգընթաց, եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով։
Araratnews.am-ի հետ զրույցում Ռեստորանների միության համանախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ինքը տեղյակ է Սոլոմոնյանի առաջ քաշած խնդրին, և օգոստոսի 27-ին Գյումրիում միության նիստ է հրավիրվել հարցի շուրջ։
«Մենք փորձում ենք անուններ լսել, թե կոնկրետ ո՛ր ռեստորաններն են, վստահ եմ՝ մեր միության մեջ տենց մարդ չկա, որոնք այդպես են վերաբերվում հաճախորդին, բայց միևնույն ժամանակ, մենք ուզում էինք հասկանալ՝ այդ ո՛ր ռեստորաններն էին, որ գոնե կարողանայինք ազդել նրանց վրա»,- ասաց Բարսեղյանը։
Ռեստորանների միության համանախագահը, սակայն, տարակուսում է Սոլոմոնյանի բարձրաձայնած հարցից՝ նշելով․ «Հարց է ծագում. եթե այդ մարդիկ այդքան թունավորվում են տվյալ ռեստորաններում, ինչո՞ւ են շարունակում նույն ռեստորանները տանել հյուրերին։ Կարելի է փոխել ռեստորանը։ Երկրորդ՝ որ այդպես մասսայաբար թունավորվում են, ապա գոնե կլսեինք։ Այստեղ չափազանցրած է երկու բան՝ մարդիկ ռեստորանների անուններ չեն տալիս, երկրորդ՝ որ սաղ բողոքում են, ես էլ բողոքեմ։ Մարդիկ օդ են փոխում, ջուր, պարզ ա, որ ինչ-որ խնդիրներ կլինեն, ու դա խառնել նրա հետ, որ այդ ռեստորանները անորակ սնունդ են մատուցում, պատասխանատու հայտարարություն է»։
Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ գիդերն արտահայտվելու խնդիր ունեն, բայց չեն կարողանում ճիշտ արտահայտվել, որ հասկանան՝ խնդիրը որտեղ է։
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը չի էլ կասկածում, որ մեր հանրային սննդի կետերում կան խնդիրներ՝ շեշտելով, որ մեր երկրում չկա անվտանգության կառավարման պահանջ, և չկան հանրային սննդի կետերի գործունեության թույլտվություն տրամադրելու հստակ չափորոշիչներ․ «Գուցե բիզնես ծավալելու տեսանկյունից որոշ մարդիկ դա դրական գնահատեն, բայց պետք է ասեմ, որ ոչ»։
Պիպոյանը նշեց, որ աշխարհում գոյություն ունեն նաև սննդամթերքի անվտանգության կամավոր սերտիֆիկատներ, որոնք հանրային սննդի կետերի վրա են տարածվում, և այդ տարբերանշանները օգնում են սպառողին։ «Միգուցե ծառայությունը թանկանա, բայց որակը բարձր կլինի և անվտանգ»,- ասաց նա։
Մասնագետը շեշտեց, որ Հայաստանում գոյություն չունի որակի երաշխիքի մեխանիզմ։ «Եթե չկա որակի հավաստման մեխանիզմ, ուրեմն օրը մի ռեստորանում կարող է թունավորման դեպք գրանցվել։ Չգիտենք՝ ո՛ր օբյեկտում մանրէն կհայտնվի, ո՛ր օբյեկտում կհայտնվեն սանիտարական գրքույկներ չունեցող աշխատակիցներ։ Կա միջազգային նորմ, թե ինչ է նշանակում սպիտակ զոնա, ինչ է նշանակում մոխրագույն զոնա, որ հատվածներում պետք է իրականացնել ախտահանում, աշխատակիցների ձեռքերի հիգիենան, անձնական հիգիենան, շենքի պայմանները, հումքը պետք է առանձին մուտքով ռեստորան գա»։
Նրա խոսքով՝ սննդի անվտանգությունն օրենսդրորեն կարգավորվում է, բայց ռեստորանների սննդի անվտանգությունը միշտ վերջին տեղում է։
ՍԱՏՄ-ի պատասխանը ևս լսեցինք՝ հաշվի առնելով, որ հենց նրանք են սննդի անվտանգության երաշխավոր օղակը։ Մեր հարցադրմանը, որ Յաշա Սոլոմոնյանը նման խնդիր է բարձրաձայնել, արդյոք իրենք տեղյա՞կ են, ե՞րբ և ինչպե՞ս են իրականացնում ռեստորաններում ստուգումներ, մեզ պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են երեք ռիսկային խմբերի՝ բարձր, միջին և ցածր ռիսկայնության: Կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ ստուգումներն իրականացվում են հետևյալ հաճախականությամբ՝
1) բարձր ռիսկայնությամբ սուբյեկտների մոտ ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնությամբ սուբյեկտների մոտ ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնությամբ սուբյեկտների մոտ ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Համաձայն ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1679 որոշման III մասի 4-րդ կետի՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով: 2019 թվականին հանրային սննդի կետերում դիտարկումներն իրականացվել են, մասնավորապես, սպառողների, տարբեր պետական մարմինների կողմից ստացված դիմում-բողոքների հիման վրա: Խախտումները հիմնականում եղել են սանիտարահիգիենիկ պահանջների, հումքին ներկայացվող անվտանգության փաստաթղթերի բացակայության, մակնշման անհամապատասխանությունների մասով: Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի Տեսչական մարմնի գործունեության շրջանակներում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս»: