Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կապույտ վառելիքի գինը համաշխարհային շուկայում անկում է ապրում:
Իսկ երեքշաբթի օրը Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրատվամիջոցների հետ հանդիպան ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվել են «Գազպրոմ»-ի հետ՝ ներմուծվող գազի գինը մոտ 15%-ով իջեցնելու շուրջ:
Պարզելու համար, թե համաշխարհային շուկայում գազի գնի անկումը ինչպես կազդի մեր երկրի վրա, զրուցեցինք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատուների հետ:
ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանն ասաց, որ ապրիլ ամսին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է հանձնաժողով`գազի գնի բարձրացման հարցով:
Հարցին, թե համաշխարհային գազի գների նվազման ֆոնին ինչու պետք է գազի գինը բարձրանա, մամուլի խոսնակը պատասխանեց, որ պաշտոնական տեղեկատվություն կարող են տրամադրել միայն գրավոր տարբերակով:
«Գազպրոմ Արմենիա»-ից եւս ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում:
Հարցումներն արդեն ուղարկվել են։ Սպասենք պատասխաններին։
Հայկ Մագոյան