Գույքահարկի թանկացման թեման հանրությանը հուզող թեմաներից է: Կառավարության հիմնավորմամբ՝ գույքահարկի գումարով լուծելու են համայնքի խնդիրները: Հարց է ծագում` իսկ արդյոք բազմաբնակարան շենքերում ապրողները, բացի այս վճարից, պետք է նաև համատիրությանը վճարեն, եթե դրանց մի մասն ուղղակի չի կատարում իր գործառույթները: Այս եւ այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ: «Համատիրությունները այլ օրենսդրական ակտերով են կարգավորում: Դրանց բյուջեի ձեւավորումն ու կարգերը տարբեր են: Բայց ակնհայտ է, որ ինչ-որ մի պահից հետո համատիրությունները էական նշանակություն պետք է ունենան համայնքներին ծառայություններ մատուցելու տեսակետից»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:
Արդյոք հնարավոր չէ գույքահարկի թանկացմանը զուգահեռ քննարկել նաև համատիրությանը վճարվող գումարի անհրաժեշտությունը: Ինչո՞ւ քաղաքացին երկու անգամ վճարի, եթե գույքահարկի գումարով լուծվելու են համայնքի խնդիրները: Պատգամավորի պարզաբանմամբ՝ գույքահարկից ստացված գումարներով լուծելու են համայնքի ընդհանրական խնդիրներ, օրինակ, փողոցի լուսավորություն, կանաչապատում, բարելավում, իսկ համատիրությունը շենքի խնդիրներով է զբաղվում, այսինքն` ավելի նեղ խնդիրներ է լուծում: «Հնարավոր է`ինչ-որ պահ քննարկել ձեր հարցը, բայց այս պահին զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց»,- ասաց մեր զրուցակիցը:
Սոնա Դավթյան