Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 1067 է: Առողջացել է 265 քաղաքացի, արձանագրվել է 16 մահ: Ինչքան կարող է շարունակվել այս վիճակը, արդյոք գիտականորեն հիմնավորված է այն, որ կորոնավիրուսի հաղթահարման համար կարևոր է բնակչության իմունային համակարգը, ժողովրդի գենետիկան: Այս հարցերն Araratnews.am-ն ուղղեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբան, վարակաբան Հասմիկ Ղազինյանին:
Տիկին Ղազինյան, միջազգային մամուլում հոդվածներ են հրապարակվում, որ կորոնավիրուսի հաղթահարման համար կարևոր է տվյալ բնակչության իմունային համակարգն ու ժողովրդի գենետիկան: Արդյոք այս թեզը գիտականորեն հիմնավորված է:
Կորոնավիրուսի հաղթահարման համար կարևոր է մարդկանց պահվածքը, ըմբռնումը եւ մոտեցումը: Իմունիտետի համար սա նոր վիրուս է, ունի 5-6 ամսվա կյանք, նոր անակնկալներ է մատուցում աշխարհին: Մեզ պետք է առաջինը մեր պահվածքով կանգնեցնել այս շղթան, որ անցում է մարդուց մարդուն: Պատահական չէ նախարար Արսեն Թորոսյանի այն միտքը, որ կորոնավիրուսը վերահսկողությունից դուրս է, որը, ցավոք, սխալ հասկացան: Մինչդեռ նախարարի ասածն այն է, որ եթե առաջ գիտեինք վարակի հիմնական օջախները, ապա հիմա օջախները տարբեր են ու շատ, այսինքն՝ ինֆեկցիայի աղբյուրները մի քանի տեղից են: Ինչ վերաբերում է իմունիտետին, գենետիկային, որեւէ մեկը գիտականորեն նման բան չի ասել: Մենք այս տարի ապրիլի 11-ին ունեցանք հեռուստակամուրջ, լսեցինք Չինաստանից հրաշալի դասախոսություններ: Չինաստանում 3 ամսում կարողացան հաղթահարել թվացյալ անհաղթահարելի վարակն իրենց կազմակերպվածությամբ, մոտեցմամբ, ըմբռնումով, հաղթանակով եւ ձեռք մեկնել այլ երկրների, նաև մեզ: Ես հորդորում եմ հույսը չդնել մեր իմունիտետի, գենետիկայի վրա: Դրա մասին կարող ենք խոսել հետո, երբ կհաղթահարենք կորոնավիրուսը:
Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի ոչ մի մասնագետ ներգրավված չէ կորոնավիրուսի հաղթահարման պրոցեսում: Այն դեպքում, երբ հիմա աշխարհում քննարկվում է ազգի գենետիկան եւ իմունային համակարգը վարակի հաղթահարման տեսակետից: Արդյոք ճիշտ չէ գենետիկայի ոլորտի մասնագետներին եւս մասնակից դարձնել գործընթացին, որպեսզի հիմա, ոչ թե հետո հասկանանք՝ ինչպես կարող ենք արագ հաղթահարել վարակը:
Ես համամիտ եմ ձեզ հետ այն տեսակետից, որ այս վիրուսի ժամանակ առաջանում է հիպերբորբոքային մի սինդրոմ, առաջանում է իմունային մի փոթորիկ օրգանիզմում, որին բնորոշ է ծանր ընթացքը: Բայց մինչեւ գենետիկային հասնելը առաջնային է մարդկանց պահվածքը՝ կտրել վարակի շղթան: Ինչ վերաբերում է հետագա գենետիկ ուսումնասիրություններին, լրիվ համամիտ եմ ձեզ հետ: Ամեն մի երկիր կիսվում է իր՝ կորոնավիրուսի հաղթահարման փորձով: Մենք էլ կցանկանանք ունենալ մերը, այնպես որ՝ մեկը մյուսին չի խանգարի: Տեսեք՝ մեզ մոտ կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ տոկոսից փոքր ինչ ավելին է: Գուցե իսկապես իմունիտետը դեր է խաղում մահացության դեպքում: Բայց մեկ մարդու մահն էլ մահ է, 16 մահն էլ մահ է: Ուստի, եկեք մահերը սահմանափակենք, ծանր ընթացքին զուգահեռ իրականացնենք գիտական հետազոտություններ, հասկանանք՝ ինչ իմունային ռեակցիաներ առաջացրեց հիվանդությունը հայ բնակչության շրջանում՝ այլ երկրների իմունային ռեակցիաների համեմատությամբ:
Այսինքն՝ որոշ քաղաքացիների այն վստահությունը, թե հայերն ունեն առանձնահատուկ գեն, իմունիտետ, այդ պատճառով էլ մահվան դեպքերը քիչ են, վարակվածներինը՝ եւս՝ աշխարհի համեմատ, մասնագիտորեն հիմնավորված չէ՞:
Ոչ: Բացի այդ ՝ ո՞վ ասաց, որ 1067 դեպքերը փոքր Հայաստանի համար քիչ են: Ու տեսեք՝ դեպքերն ինչքան արագ աճեցին: Աշխարհի բնակչության տվյալները նայենք: Երեկվա տվյալներով վարակված է բնակչության 0,024 տոկոսը: Սա էլ է քիչ: Բայց եկեք հույսը չդնենք իմունային համակարգի վրա, այլ վարակի դեմն առնենք մեր պահվածքով, ըմբռնումով եւ նաև զուգահեռ արվող գիտական հետազոտություններով:
Վարկած կա, որ տուբերկուլոզի դեմ պատվաստվածները՝ ԲՑԺ պատվաստանյութ ստացածները, հեշտ են հաղթահարում կորոնավիրուսը: Դուք՝ որպես մասնագետ, կհաստատե՞ք այս թեզը:
Անկեղծ ասած՝ ես էլ եմ դա լսել իմունային ծառայության աշխատակիցներից, որ այդ պատվաստանյութը նաև կորոնավիրուսի դեմ է պայքարում: Բայց ես համոզված չեմ եւ չեմ կարող ոչինչ ասել, քանի որ գիտական հաստատում չկա: Տարբեր դեղամիջոցների մասին եւս խոսում են կորոնավիրուսի դեմ պայքարում:
Իսկ չպե՞տք է ուսումնասիրել ԲՑԺ պատվաստանյութ ստացածների իմունային համակարգը՝ պարզելու, թե որքանով է այն պայքարում կորոնավիրուսի դեմ:
Դարձյալ նույն հարցի մասին ենք խոսում՝ պետք է ուսումնասիրվի իմունային համակարգը: Եթե իմանանք, որ մարդը ստացել է նաև ԲՑԺ, համեմատենք իմունային համակարգը այն մարդկանց իմունային համակարգի հետ, որոնք ԲՑԺ չեն ստացել, կարող ենք պատասխան ստանալ:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 1067 է: Այս թիվը վարակի գագաթնակե՞տն է, թե՞ հիվանդների թիվը պետք է ավելանա:
Ես Արսեն Թորոսյանի միտքը մեջբերեմ՝ քչանում է վարակվածների թիվը, բայց հասցեները տարբեր են: Իմ կարծիքով՝ ապրիլի վերջին կունենանք վարակի պիկ եւ կորի նվազման տեմպ:
Հ.Գ. Հասմիկ Ղազինյանի հետ խոսել ենք նաև կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների աշխատանքի, նրանց ակնկալիքների մասին, որը կհրապարակենք առաջիկայում:
Սոնա Դավթյան