Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սահմանափակումների մեղմացումից հետո տնտեսվարողների մի մասը պահպանում է սահմանված կանոնները, մյուսները` ոչ:
Վարսավիրանոցները, հագուստի խանութները և մի շարք այլ տնտեսվարողներ հաճախորդներին զգուշացնում են, որ առանց դիմակի և ձեռնոցի առկայության ներս չմտնեն: Բայց կան նաև տնտեսվարողներ, որոնք առանձնապես ուշադիր էլ չեն, թե հաճախորդներն ինչպես են ներս մտնում: Խոսքը վերաբերում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի որոշ տնտեսվարողների:
Հետևելով իրավիճակին, տնտեսվարողների հակասական գործելաոճին` Araratnews.am լրատվականը կապ հաստատեց ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որպեսզի պարզի, թե ինչի հետևանք է տնտեսվարողների մի մասի մոտ պարտադիր կանոնների պահպանումը, իսկ մյուսների մոտ ընդհանրապես ոչ մի կանոն չպահպանելու այս անհավասարությունը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ անընդհատ մշտադիտարկումները շարունակվում են: Բացահայտվելու դեպքում զեկուցվում է պարետատուն, որտեղ էլ կայացվում է 24-ժամյա գործունեության արգելանքի կիրառման որոշումը:
Տեսչական մարմնից մեզ հայտնեցին նաև, որ նկատվող անհավասարությունը գալիս է տնտեսվարողների ոչ բարեխիղճ վերաբերմունքից, ինչպես նաև քաղաքացիների անհետևողականությունից:
Մեզ նաև տեղեկացրեցին, որ տեսուչների քանակը 23 է, իսկ տնտեսվարողները հազարավորներ են: Բնականաբար, մշտադիտարկումները կատարվում են ամենօրյա ռեժիմով, բայց միաժամանակ բոլորին վերահսկել հնարավոր չէ:
Մեր այն հարցին, թե քաղաքացիները միթե չեն տեղեկացնում նման իրավիճակների մասին, տեսչական մարմնից ասացին, որ կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք թեժ գծով զանգահարում են և հայտնում իրենց դժգոհությունը: Արձանագրեցին նաև, որ ապրիլ ամսվա զանգերը գերազանցել են նախորդ տարվա ամբողջ չուցանիշը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում շուրջ երեք հարյուր տնտեսվարողի գործունեություն ժամանակավոր դադարեցվել է:
Հայկ Մագոյան