ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ տեսակցել է դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հ. Թովմասյանը. «Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որում գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան՝ իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ իմ համար այս պահին կարևորն իր առողջությունն է: Համապատասխան հանձնարարականներ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, իրեն վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար»: Անդրադառնալով՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն՝ Հ. Թովմասյանը նշել է, թե բազմիցս առիթ է ունեցել ասելու և նաև Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հայտարարությունն էլ փաստել է, որ Հայաստանում խափանման միջոցները և քրեադատավարական պրակտիկան գոհացուցիչ չեն, եւ որ կան խնդիրներ, բայց դրանք ոչ միայն պրակտիկայի հետ է կապված, այլ նաև օրենսդրական լուծումների հետ:
«Մենք ունենք խափանման միջոց կալանք, գրավ և այլընտրանքային այլ միջոցներ: Դրա արանքում գտնվող խափանման էնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, դրանք մեր օրենսդրությամբ չունենք: Եվ Քրեական դատավարության օրենսգրքում էդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափանման միջոցներ և հետագայում դրա հետ կապված մենք փոփոխություն կունենանք»,- լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարարը: Թովմասյանը կարծում է , որ հանրության մոտ թյուրըմբռնում է եղել ՝ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի մեկնաբանությունը: Խոսքից չէր բխում, որ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու: «Էդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ այս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվ էս մտահոգությունը դրսևորվել է նաև Դատաիրավական բարեփումների ծրագրով էդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության նախագահի կողմից»: Նախարարը հայտնել է, որ Քրեական դատավարության մասին օրենսգիրքն արդեն իսկ շրջանառության մեջ է Ազգային ժողովում և հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում այն ընդունվի:
Էմմա Պալյան