ՀՀ արդարադատության համակարգը արդարության դեմ գործող համակարգ է, որի պատճառով հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տուժում են, իրավազրկվում, այլեւ դիմում արտագաղթի: Այս մասին ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այն, որ Վճռաբեկ դատարանը չի բավարարում բողոքների մերժումների որակյալ լինելու պարագայում, դա միանշանակ է: Այդ մասով փաստաբանները երկու անգամ անցկացրեցին գործադուլ: Որեւիցե կերպ նախարարությունը եւ կառավարությունը դրան չարձագանքեցին»,-ասաց Փոստանջյանը:
Նա անդրադարձավ նաեւ հունվարի 1-ից անձնագրերը փոխելուն:
«Կենսաչափական տվյալներով անձնագրերի գումարը կազմելու է 28 հազար դրամ՝ 25 հազար դրամ անձնագրի, 3000 դրամ քարտի համար: Տեսեք ինչ է տեղի ունենում. օրենքից օգտվողների թիվը կկազմի շուրջ 100 հազար քաղաքացի, գումար չկա պետական բյուջեում, հավաքվում են կառավարությում, որոշում են, որտեղից կարելի է լցնել այդ պետական բյուջեն»,-ասաց Փոստանջյանըˋ նշելով որ առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ եւ օրենսդրական նախագծեր, որոնցով պաշտոնյաները մտածում են միայն իրենց եկամուտները ավելացնելու մասին: