Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մինչև 2016թ. հուլիսի 13-ը երկարաձգել «Հիդրո կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:
Ընկերությունը նախաձեռնել և իրականացնում է ներդրումային ծրագիր` «Արգիչիի» ՓՀԷԿ-ի շինարարության նպատակով: Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը օգտագործելով կառուցվում է 11 մՎտ հզորությամբ «Արգիչիի» ՓՀԷԿ-ը: Ընկերությունը շինարարական աշխատանքները սկսել է 2007 թվականին, սակայն հետագայում դադարեցվել են տնտեսական ճգնաժամի պատճառով:
Ծրագիրն ավարտելու նպատակով ընկերությունը 2012 թվականին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել է խողովակներ, որոնց մի մասը վերոհիշյալ ռեժիմի ժամկետների ավարտի պատճառով` ներկայումս գտնվում է մաքսային մարմինների պատասխանատու պահպանման ներքո:
Ծրագրի իրականացուման բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով թույլատրել երկարաձգելու վերոհիշյալ ապրանքի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: